Արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակը հարաբերական հանգիստ է
Գիշերվա ընթացքում հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
«Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր: ՀՀ Զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,-տեղեկացնում է ՀՀ ապշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Օպերատիվ իրավիճակն անցած գիշեր և մինչև այս պահը հարաբերական հանգիստ է նաև արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի տեղեկացմամբ՝ հակառակորդը մի քանի հատվածում մեր դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել, ինչը, ըստ խոսնակի, սեփական վախը հաղթահարելու դրևսորում էր:
«Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված խնդիրը՝ լիարժեք կերպով տիրապետելով իրավիճակին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահրամ Պողոսյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ ոտնթգությունների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում 30 քրեական գործ է քննվում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը