Հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով. Այդ մասին պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանի քաղաքապետն ու Տավուշի մարզպետը:
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երեւանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին:
Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երեւանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը:
#Միասին_ուժեղ_ենք
#Հավերժական_Հայաստան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ միաժամանակ հրապարակելով Այգեպարի մանկապարտեզի լուսանկարը՝ հրետակոծությունից առաջ:
Նշենք՝ Այգեպարի մանկապարտեզը՝ ի թիվս բնակելի տների, հացի արտադրամասի, վնասվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կողմից այսօր վերսկսված հրետակոծության հետևանքով:
«Թող ազերիները իմանան, որ մեր երեխաների համար ավելի լավն ենք սարքելու»,-Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեսանյութում ասում է Այգեպարի բնակիչը:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը