«Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը»,-ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:
Այսօր ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ գիշերը կանխվել է ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձը, ինչին հաջորդել է Տավուշի մարզի Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը: Նշվել էր, որ հայկական կողմը մարդկային կորուստներ չունի:
Գիշերը Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրավիճակը ներկայացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Նրա հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը