Հետմահու մեդալներ 4 զինծառայողներին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար - RadioVan.fm

Онлайн

Հետմահու մեդալներ 4 զինծառայողներին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար

2020-07-15 15:12 , Общество, 1433

Հետմահու մեդալներ 4 զինծառայողներին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ զինված ուժերի 4 զինծառայողներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով հետմահու պարգևատրվել են:

Ըստ այդմ՝ կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և Գրիշա Վահանի Մաթևոսյանը հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:

Թիվ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Նշենք՝ համապատասխան միջնորդությունը նախագահին ներկայացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգևատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:

Խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ և Ձեր սխրանքին: և կլինե՛նք:

Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձից, հրետանային կրակ արձակելուց զատ, Ադրբեջանի զինուժը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը: Վնասվել են տներ, գազատար: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների՝ ոչնչացնելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ Երեկ 18:00-ից սկսած սահմանում համեմատաբար իրավիճակը հանգիստ է:

Ադրբեջանը հաստատել է 11 զոհի մասին, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ են՝ Ադրբեջանի բանակի կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը:

Հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի, մոտ երկու տասնյակ վիրավորներ: Այս պահին բուժում ստացող 10 զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть