Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձից, հրետանային կրակ արձակելուց զատ, Ադրբեջանի զինուժը արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այսօր էլ հաղորդվեց հարվածային անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, թիրախավորելու մասին։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների՝ ոչնչացնելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։
Ադրբեջանը երեկ հայտնել էր իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին։ Քիչ առաջ Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Վելիևը հայտնել է, որ հայկական Զինված ուժերի հետ մարտերում զոհվել են Ադրբեջանի բանակի կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր։ Այսպիսով, Ադրբեջանը հաստատել է 11 զոհի մասին։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը