Հայաստանում ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր: Գնահատականն այսօր արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցով կառավարությունում հրավիրված արտահերթ նիստում հնչեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է, որից 43-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին:
«Առավոտյան ժամը 9։00-ի դրությամբ չկա տանը սպասող քաղաքացի, ունենք ընդամենը մեկ քաղաքացի, որը սպասում է տեղափոխման ոչ կորոնավիրուսային հիվանդանոցից դեպի կորոնավիրուսային հիվանդանոց, նախորդ շաբաթ այդ թիվը 20-ի էր հասել»-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ, տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք կրկին գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական և թթվածնով հագեցած մահճակալները հարաբերականորեն քիչ լարված են:
Նախարարը կարևոր համարեց արտակարգ դրության ռեժիմի՝ առնվազն մեկ ամսով երկարացումը։
Հիշեցնենք՝ Հայաստանում վերջին 24 ժամում նոր կորոնավիրուսային վարակի 182 նոր դեպք է արձանագրվել: Առողջապահության նախարարի խոսքով՝ կիրակի օրվա այդ ցածր ցուցանիշը պայմանավորված է քիչ թեստերով, որոնց թիվը 698 է եղել:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում մարտի 1-ից առ այսօր արձանագրվել է նոր կորոնավիրուսի (Covid-19) 32 151 դեպք, որից 19 865-ը ապաքինված, 573-ը՝ մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ 183 քաղաքացի էլ մահացել է այլ հիվանդություններից: Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 530 մարդ:
Կառավարությունն առաջարկել է Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով` մինչև օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Ազգային ժողովն այս րոպեներին հատուկ նիստում քննարկում է այդ որոշումը:
Հետևեք ուղիղ հեռարձակմամբ:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը