Հայաստանում արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի 4-րդ անգամ` մինչև օգոստոսի 12-ը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի 4-րդ անգամ` մինչև օգոստոսի 12-ը

2020-07-13 15:23 , Политика, 1133

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի 4-րդ անգամ` մինչև օգոստոսի 12-ը

Հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել՝ ՀՀ կառավարությունն այսօր հրավիրված արտահերթ նիստում մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով, երկարաձգելու մասին որոշում ընդունեց: Նշենք, որ մինչ այս արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է 3 անգամ:

Արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ 4-րդ որոշման մեջ որոշ փոփոխություններ են կատարվել:

«Մասնավորապես հստակեցվել է ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևը: Սահմանվել է, որ այն տրվում է բանավոր, իսկ հասցեատիրոջ պահանջով ենթակա է նաև գրավոր ձևակերպման: Բացառություն է նախատեսվել նաև ինքնամեկուսացման կարգի խախտման դեպքերից, երբ անձը բժշկական ցուցումներին համապատասխան այցելում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ՝ անհրաժեշտ լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով»,-մանրամասնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Փաստորեն մեր օրենսդրությամբ, բացի արտակարգ դրության ռեժիմից, այլ արդյունավետ գործիքակազմ չունենք։ Եւ, հետևաբար, եթե մենք արտակարգ դրությունը չերկարացնենք, ըստ էության, մեր հակահամաճարակային միջոցառման ամբողջ համակարգը դե յուրե իր ուժը կկորցնի։ Այս է պատճառը, որ մենք պարզապես ստիպված ենք երկարացնել: Բայց մյուս կողմից հասկանում ենք նաև, որ արտակարգ դրությունն անվերջ երկարացնել հնարավոր չէ և պետք էլ չէ: Այս ընթացքում դեռ նախորդ ամսվանից մենք ունենք օրենսդրական փաթեթ մշակելու որոշում, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում: Դա սահմանափակումներով և իր ծանրությամբ կլինի շատ ավելի թեթև, այսինքն՝ թիրախավորված հակահամաճարակային միջոցառումների տրամաբանությամբ կառաջնորդվի: Ինչու այդ օրենսդրության մշակումը մենք չենք սկսել օրինակ մարտին, որովհետև մարտին կանխատեսումներն այլ էին, մտածում էինք, որ այս համաճարակը երևի մի քանի ամիս կտևի, ու մինչև այդ օրենսդրությունը պատրաստվի երևի համաճարակն էլ կվերանա: Բայց կյանքն այլ բան ցույց տվեց, և մենք առաջիկայում պիտի աշխատենք, որպեսզի այդ նոր գործիքակազմը կիրառենք, որ ստիպված չլինենք անընդհատ պանդեմիային զուգահեռ արտակարգ դրությունը երկարաձգել»,-անդրադառնալով որոշմանը՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ՀՀ սահմանադրությամբ է սահմանված բնակչության առողջությանը սպառնացող վտանգների պարագայում արտակարգ միջոցների ձեռնարկումը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` իրավունքի ուժով անհապաղ գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի օրակարգում արտակարգ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշման նախագիծն է:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տարածած հայտարարությամբ պատգամավորներին խնդրել էր շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ՝ 14.00-ին մեկնարկելիք Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցելու համար:

Հատուկ նիստին հետևեք ուղիղ հեռարձակմամբ:

Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում մարտի 1-ից առ այսօր արձանագրվել է նոր կորոնավիրուսի (Covid-19) 32 151 դեպք, որից 19 865-ը ապաքինված, 573-ը՝ մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ 183 քաղաքացի էլ մահացել է այլ հիվանդություններից: Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 530 մարդ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть