Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը։
Այդ մասին տեղեկացնում է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ ներկայացված միջնորդությունը որակելով ապօրինի և անհիմն, քան նախորդը։
Պաշտպանը համոզմունք է հայտնում, որ սպասվում են Մինասյանին կալանավորելու նոր միջնորդություններ:
«Սպասվու՞մ են, արդյոք, Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։ Համոզված եմ, որ այո։
Արդյո՞ք դրանք կլինեն ավելի ապօրինի և անհիմն, քան նախորդ միջնորդությունները։ Նույնպես կասկած չունեմ»,-գրել է պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու քրեական գործով։
Հունիսի 8-ին ՊԵԿ-ը տեղեկացրեց, որ լրացվել է Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը:
«Մասնավորապես, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն պարզվել է նաև, որ «բացի նախկինում մեղսագրված արարքներից, Մ.Մինասյանը 2012-2018թթ. ժամանակահատվածում, կասկածելի աղբյուրներից ստացած խոշորածավալ ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ հանդիսացել է «Սպայկա» ՍՊ ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը, որի վերաբերյալ տվյալները չի ներառել իր՝ պաշտոնատար անձի 2017 թվականի և 2018 թվականի հայտարարագրերում՝ այդ կերպ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը)»,-տարածած հաղորդագրությունում նշել էր ՊԵԿ-ը:
Հավելենք՝ հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյան ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար «Ստի վերջը» խորագրով տեսանյութեր է հրապարակում՝ ներկայիս իշխանություններին մեղսագրելով այս կամ այն արարքը։ Դրանցից մեկի առնչությամբ, թե, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգ՝ արտահանելով 20 միլիարդ դրամի ադամանդ և ոսկի, ՀՀ ոստիկանությունն օրերս հերքող տեղեկություն հրապարակեց՝ այն անիրական որակելով:
«․․․այն մեկն էլ, մի հոգի էլ կա՝ այն մեկի ընտանիքից, ասում է՝ ես եմ տղամարդը, «կուխնու» սեղանի տակից դուրս չեմ գալիս: Մի հատ էլ ուրիշներին խորհուրդ է տալիս, ասում է՝ դուրս եկեք ֆեյսբուքից և հաղորդակցվեք իրականության հետ: Դու հլա «կուխնուց» դուրս արի՝ նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր»,-Ազգային ժողովի ամբիոնից անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան խոհանոցային պայմաններում արված տեսանկարահանումներին՝ ասել էր վարչապետը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը