«Դու հլա «կուխնուց» դուրս արի, նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր»․ Փաշինյանը՝ Մինասյանին - RadioVan.fm

Онлайн

«Դու հլա «կուխնուց» դուրս արի, նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր»․ Փաշինյանը՝ Մինասյանին

2020-06-25 17:41 , Политика, 1531

«Դու հլա «կուխնուց» դուրս արի, նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր»․ Փաշինյանը՝ Մինասյանին

«Ուզում ե՞ք սոցիալական բունտ՝ հրահրեք սոցիալական բունտ, տեսնենք այդ սոցիալական բունտի արդյունքում դուք որտեղ եք հայտնվելու և ինչ դիրքով, որը շատ կարևոր է: Այսօր խոսում են, ասում են՝ ընդդիմությանը ճնշում են և հանրահավաքներն արգելում են: Մի նրբություն չեն արձանագրել՝ մեր հանրահավաքներն էլ են արգելված նույն տրամաբանությամբ: Տեսանք ձեր արած հանրահավաքը՝ կես միլիոն դոլար ծախսում եք՝ 200 հոգի մարդ եք կարողանում հավաքել, կեսին էլ սպառնալով և այլն: Գալիս եք առանց դիմակների կանգնում և ասում եք՝ չկա կորոնավիրուս: Հիմա էլ թևածում է, հիմա էլ պետք է ասեն՝ իշխանությունը կորոնավիրուսը քցել է ընդդիմության ջանը, որ հիվանդանան, չկարողանան իշխանափոխություն անել: Հիմա էլ ամաչում են ասեն, որ կորոնավիորսով հիվանդացել են ու հերթով հիվանդանում են այդ ակցիայի մասնակիցները: Հանրահավաք կանենք, այս կանենք, իսկ որ մե՞նք արեցինք հանրահավաք: Դուք մեզ եկել հանրահավաքո՞վ եք վախեցնում, դուք եկեք մեզ փողով վախեցրեք, դուք եկեք վախեցրեք մեզ ձեր թալանելու կարողությամբ, դուք եկեք վախեցրեք մեզ ձեր կրթական ցենզով, վախենալու բան է իրոք: Դուք եկել եք մեզ հանրահավաքո՞վ վախեցնում, այ քեզ բան: Այստեղ են ասել՝ կանգնեցրեք ինքնաթիռը՝ իջնող կա»,-այդ մասին այսօր խորհրդարանի ամբիոնից ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրելով 2019 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության եզրափակիչ ելույթում անդրադառնալ ոչ թե թվային ցուցանիշներին, այլև՝ հրատապ հարցերից:

Այդ հարցերի շրջանակում գործադիրի ղեկավարն անդրադարձավ նաև քրեական գործերին՝ նշելով, որ պետք է պարզաբանվի, թե ինչու՞ փետրվարին հայտնի դարձած գործով մինչ օրս պատշաճ քննություն չի արվել:

«Հարցը պարզաբանվել է և այդ հարցի պարզաբանման արդյունքում է, որ նաև կայացվել են կոնկրետ որոշումներ: Բայց ես տարիուկես ասում եմ՝ իրավապահ համակարգը պատշաճ ձևով չի քննում կոռուպցիոն և հարակից գործերը, հենց դրա մասին ենք ասում: Չհասկացա՝ կաշառքներ բաժանեն, երկրի կեսը սեփականաշնորհեն... այն մեկն էլ, մի հոգի էլ կա՝ այն մեկի ընտանիքից, ասում է՝ ես եմ տղամարդը, «կուխնու» սեղանի տակից դուրս չեմ գալիս: Մի հատ էլ ուրիշներին խորհուրդ է տալիս, ասում է՝ դուրս եկեք ֆեյսբուքից և հաղորդակցվեք իրականության հետ: Դու հլա «կուխնուց» դուրս արի՝ նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր»,-ասաց վարչապետը՝ նկատի ունենալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:

Նշենք՝ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնցում խոհանոցային պայմաններում նա խոսում է ներկա իշխանություններին առնչվող այս կամ այն «բացահայտման» մասին, ի դեպ՝ որոնցից մեկի՝ 20 միլիարդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման վերաբերյալ, օրերս ՀՀ ոստիկանությունը հերքող տեղեկություն հրապարակեց:

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթի մանրամասները՝ տեսանյութում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть