Թոշակների վճարման թղթային ցուցակների համակարգին կփոխարինի էլեկտրոնայինը. փորձարկումը կմեկնարկի Ավանում - RadioVan.fm

Онлайн

Թոշակների վճարման թղթային ցուցակների համակարգին կփոխարինի էլեկտրոնայինը. փորձարկումը կմեկնարկի Ավանում

2020-07-01 18:49 , Общество, 1212

Թոշակների վճարման թղթային ցուցակների համակարգին կփոխարինի էլեկտրոնայինը. փորձարկումը կմեկնարկի Ավանում

«Հայփոստ» ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր, որ, շեշտում են ընկերությունից՝ ծառայությունների թվայնացման և արդիականացման գործընթացի կարևոր մաս է կազմում:

«Ծրագրով նախատեսվում է էլեկտրոնային սարքերի կիրառմամբ կենսաթոշակների վճարման նոր համակարգի ներդնում, որը սկզբունքորեն կփոխի մինչ այդ գործող՝ թղթային ցուցակներով վճարման համակարգը: Էլեկտրոնային նորարարությունը հնարավորություն կտա ծառայության որակը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին՝ բարձրացնելով ոլորտի վերահսկողության որակն ու նվազեցնելով առկա ռիսկերը:

Նախատեսվում է փոստատարների կողմից էլեկտրոնային սարքերի (պլանշետների) կիրառում, որոնց միջոցով առցանց համակարգ կմուտքագրվի նաև կենսաթոշակառուի բնակության վայրում կատարված վճարման տեղեկատվությունը, ինչպես նաև ՝ վճարման ճշգրիտ ժամը, վայրը և անհրաժեշտ այլ տվյալներ»,-նշում են «Հայփոստ»-ից՝ տեղեկացնելով, որ պիլոտային ծրագիրը կմեկնարկի Երևանի Ավան վարչական շրջանի փոստային բաժանմունքներում:

«Այս ծրագիրն առաջիկայում՝ հաջող փորձարկումից հետո, կկիրառվի ողջ ցանցի մասշտաբով և կներառի այլ ծառայություններ: Ծրագրի կարևորագույն բաղադրիչ է Հայփոստի աշխատակիցների վերապատրաստումը. մենք կարևորում ենք մեր աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման և աճի հնարավորությունները՝ չդնելով որևէ տարիքային սահմանափակում: Վստահ եմ՝ սա կտրուկ կբարձրացնի Հայփոստի ծառայությունների որակը»,-անդրադառնալով ծրագրին՝ նշել է «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը:

«Հայփոստ»-ից միաժամանակ տեղեկացնում են, որ ընկերությունն արդեն սկսել է փոստատարների ուսուցումը համապատասխան էլեկտրոնային սարքերի միջոցով, պարբերաբար իրականացվում է էլեկտրոնային համակարգի գործառույթների թեստավորում և համակարգի փորձնական շահագործում՝ փոստատարների մասնակցությամբ:

Հավելենք, որ Հայաստանում նախատեսվում է մինչև 2023 թվականը ամբողջապես անցնել կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть