«Սա Սահմանադրական դատարանի շենքից բացի իշխող խմբակցության գրասենյակ կարող է կոչվել». «Զավթված է» ակցիա՝ կեսգիշերն անց - RadioVan.fm

Онлайн

«Սա Սահմանադրական դատարանի շենքից բացի իշխող խմբակցության գրասենյակ կարող է կոչվել». «Զավթված է» ակցիա՝ կեսգիշերն անց

2020-06-26 16:28 , Общество, 1286

«Սա Սահմանադրական դատարանի շենքից բացի իշխող խմբակցության գրասենյակ կարող է կոչվել». «Զավթված է» ակցիա՝ կեսգիշերն անց

«Արդեն մոտ 40 րոպե է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը (ՍԴ) զավթված է օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից, այսինքն այն սկզբունքը, որ այդ մարմինները պետք է հակակշռեն իրար, խախտված է։ Գործող իշխանություններն ամեն կերպ գնացին ՍԴ-ն սեփականաշնորհելու ուղիով»,-այդ մասին անցնող գիշեր բարձր դատարանի բակից ուղիղ եթերում հայտարարել է քաղաքացի Արգիշտի Գևորգյանը՝ ավելացնելով, որ «Զավթված է» գրություններով թղթեր են փակցնելու ՍԴ շենքին:

Տեսանյութում երիտասարդները նշում են, որ «սա Սահմանադրական դատարանի շենք կոչվելուց բացի իշխող խմբակցության գրասենյակ կարող է կոչվել: Սա արդեն 88-89 պատգամավորին, կամ անձամբ Նիկոլ Փաշինյանին պատկանող վարչական տարածք է»:

Նշենք՝ կեսգիշերից րոպեներ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում նշել էր.

«Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։

Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։

Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը եւ առաջնորդվել ըստ այդմ»։

Ի դեպ՝ այդ գրառումից ժամեր առաջ նա մեկ այլ գրառմամբ ևս անդրադարձել էր հարցին՝ նշելով.

«ՀՀ Աժ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։

Դրանք ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից։ Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть