Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 771-ով՝ հունիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 22 488-ի, բուժվածներինը՝ 538-ով՝ դառնալով 11 335, արձանագրվել է մահվան ևս 11 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 397-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրը կորոնավիրուսով հիվանդ ևս 1 մարդ էլ մահացել է «այլ հիվանդություններից», նման դեպքերի թիվը 131 է:
Ինչ վերաբերվում է 12 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.
«Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 625 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 102 736 թեստավորում:
Նշենք՝ այս օրերին կորոնավիրուսով վարակվածներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարզային բուժկենտրոնների վերապրոֆիլավորումից զատ՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը