Ազգային ժողովն այսօր կայացած փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու ու նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:
Արթուր Դավթյանը ներկայացնելով Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը՝ նշեց, որ ձեռք են բերվել բավարար ապացույցներ՝ ընտրակաշառքի գործում նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար:
«Հարուցված քրեական գործի շրջանակներում տրված ցուցմունքներն ու խուզարկության արդյունքները, դրանց համակցությունը բավարար հիմք են տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար»,- ասաց Դավթյանը:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ խորհրդարանի 132 պատգամավորից գաղտնի քվերակությանը մասնակցել է 87-ը, անվավեր քվեաթերթիկ չի եղել, չեն եղել նաև դեմ ձայներ, որոշումն ընդունվել է։
Այդպիսով՝ քվերակությունը մասնակցեց խորհրդարանական մեծամասնությունը, իսկ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները՝ հայտարարելով, որ գործընթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական է՝ չմասնակցեցին։
Խորհրդարանի նիստի մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ կիրակի օրը՝ հունիսի 14-ին, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ խմբակցության ղեկավարի Առինջում գտնվող առանձնատանը, որից հետո Գագիկ Ծառուկյանը ներկայացել էր ԱԱԾ՝ հարցաքննության։ Ավելի քան ութ ժամ ընթացած հարցաքննությունից հետո դուրս գալով ԱԱԾ շենքից՝ նա հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական է, որը կապված է համավարակով պայմանավորված երկրում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի հետևանքով կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու վերաբերյալ իր՝ օրեր առաջ կատարած հայտարարության հետ։ Ծառուկյանը նշել էր, որ մի թույլ հույս ուներ, թե իշխանությունն իր ելույթում հնչեցրած խնդիրները կընկալի որպես ահազանգ։