«Արդեն 1 զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,-այդ մասին այսօր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի և Ֆրանսիայի բժշկական խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի մասնակցությամբ առցանց մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը համոզված է, որ կորոնավիրուսի համավարակից հետո Հայաստանի առողջապահական համակարգն ավելի ուժեղ ու լավը կլինի։
«Նախ դրան կնպաստեն նյութական մեր ձեռքբերումները՝ ավելացված մահճակալների քանակը, կառուցված ինտենսիվ թերապիայի կաբինետները և այլն։ Երկրորդ՝ մեր բժիշկների մոբիլիզացիոն ունակություններն էլ են բարելավվել, նրանք հիմա ավելի պատրաստ են ծանր իրավիճակների: ...Առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու այս մարտահրավերից, չնայած որ դրա մեջ դրվելու են մարդկային կյանքեր, ճակատագրեր, մարդկային էներգիա և ժամանակ»,-նկատեց նախարարը՝ բարձր գնահատելով բուժաշխատողների աշխատանքը:
Արսեն Թորոսյանը միաժամանակ շեշտեց, որ Հայաստանի առողջապահական համակարգին պետության ՀՆԱ-ի ընդամենը 22,4 %-ն է բաժին հասնում, սակայն այն իրեն ավելի լավ է դրսևորում, քան ավելի մեծ մասնաբաժին ստացող այլ երկրների առողջապահական համակարգերը։
Ասուլիսի վերջում նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Հայաստանին աջակցած օտարերկրյա բոլոր բժիշկներին և առողջապահության նախարարություններին։
ՀՀ-ում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի, Ֆրանսիայի բժշկական խմբի ղեկավարի և ՀՀ առողջպահության նախարարի համատեղ առցանց ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ Հայաստանում հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը 21 006 է, որոնցից 10 144-ն` առողջացած, 372-ը՝ մահվան ելքով: Արձանագրվել է մահվան ևս 126 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 364 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 98 117 թեստավորում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը