Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 418-ով՝ հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 21 006-ի, բուժվածներինը՝ 1013-ով՝ դառնալով 10 144, արձանագրվել է մահվան ևս 12 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 372-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրը կորոնավիրուսով հիվանդ ևս 9 մարդ էլ մահացել է «այլ հիվանդություններից», նման դեպքերի թիվը 126 է:
Ինչ վերաբերվում է 12 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.
«Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 364 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 98 117 թեստավորում:
Նշենք՝ այս օրերին կորոնավիրուսով վարակվածներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարզային բուժկենտրոնների վերապրոֆիլավորումից զատ՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը