Ֆրանսիայից ժամանած բժիշկների 1-ին խումբն ավարտեց առաքելությունը, սփյուռքահայ բժշկի ղեկավարությամբ այսօր ժամանելու է 2-րդ խումբը - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիայից ժամանած բժիշկների 1-ին խումբն ավարտեց առաքելությունը, սփյուռքահայ բժշկի ղեկավարությամբ այսօր ժամանելու է 2-րդ խումբը

2020-06-23 22:28 , Политика, 1142

Ֆրանսիայից ժամանած բժիշկների 1-ին խումբն ավարտեց առաքելությունը, սփյուռքահայ բժշկի ղեկավարությամբ այսօր ժամանելու է 2-րդ խումբը

Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով հունիսի 14-ից Երևանում գտնվող ֆրանսիացի բժիշկների առաջին խումբն այս փուլում ավարտելով առաքելությունը վերադառնում է հայրենիք:

Այս 10 օրերի ընթացքում նրանք մեր մասնագետների հետ առաջնագծում պայքարել են պացիենտների առողջության համար, արել հնարավորինը, որպեսզի վերջիններս կարողանան հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը:

Ֆրանսիայից ժամանած մասնագետները, հիշեցնենք, աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներում, նաև Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոնում։

«Այս իրավիճակում` Ֆրանսիայի և Հայաստանի առողջապահության ոլորտում հարաբերությունների մի նոր փուլ ենք մտնում»,-այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում նախարար Արսեն Թորոսյանի հետ կայացած հանդիպմանը նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Նշենք՝ բժիշկների այցը կազմակերպվել էր առողջապահության նախարարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով:

Ինչպես նախարարությունում կայացած հանդիպմանը նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը՝ իր ղեկավարած գրասենյակի առաքելությունը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն է, սակայն այս պայքարում իրենք ջանք են ներդնում նաև նման նախաձեռնությունների կյանքի կոչման համար:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա են եղել նաև Ֆրանսիայից ժամանած բժիշկները` թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի գլխավորությամբ, Արսեն Թորոսյանը երախտիքի խոսքեր է հայտնել Ժոնաթան Լաքոտին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աջակցության համար, բժիշկներին հանձնել շնորհակալագրեր ու հուշանվերներ:

Հավելենք, որ Հայաստանը սպասում է Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խմբին, ովքեր կժամանեն այսօր երեկոյան: Ֆրանսիայից ժամանող հաջորդ խումբը ղեկավարվելու է հենց սփյուռքահայ բժշկի կողմից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть