Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են և այսօր առավոտից անցել են աշխատանքի կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ նրանք 3 խոշոր բժշկական կենտրոնների (ԲԿ) վերակենդանացման բաժանմունքներում են` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ և «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն»: Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին նրանց այցը կազմակերպելու համար՝ վստահություն հայտնելով, որ այն իրապես օգտակար է լինելու մեզ համար:
Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու գիտելիքները մարդկային կյանքեր փրկելու պատասխանատու առաքելության մեջ. երեկ ֆրանսիացի մասնագետների ժամանման մասին տեղեկացնելով՝ հայտնել էր Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ մանրամասնելով, որ սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը