«Այս նախագծով ուզում են խամաճիկ դատական համակարգ ստանալ». Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը - RadioVan.fm

Онлайн

«Այս նախագծով ուզում են խամաճիկ դատական համակարգ ստանալ». Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

2020-06-22 14:47 , Политика, 1339

«Այս նախագծով ուզում են խամաճիկ դատական համակարգ ստանալ». Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն (ԱԺ) այսօր գումարել է արտահերթ նստաշրջան՝ քննարկելու ԱԺ պատգամավորների մեկ քառորդի՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության ավելի քան հինգ տասնյակ պատգամավորների հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարմանն առնչվող հոդված 213-ը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

1. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է:

2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:

3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Նշենք՝ նիստին մասնակցում են միայն «Իմ քայլը» խմբացկություն պատգամավորները, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում նիստին: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ մոտեցում են ունեցել, որ միգուցե անհրաժեշտություն կա՝ ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու, բայց քիչ առաջ խմբակցության նիստ են արել, և որոշում կայացրել չմասնակցելու, քանի որ, ըստ պատգամավորի, այդ նիստով սահմանադրական հեղաշրջման հիմք է դրվում, և հաստատվում է բռնապետություն։

Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով էլ՝ Վենետիկի հանձնաժողովն ասել է՝ պետք է անպայման ապահովել դատավորների անփոփոխելիությունը, որը դատական իշխանության անկախության նախապայման է, իսկ իշխանություններն, ըստ Մելքումյանի, ոչ ոքի անկախությունը չեն ապահովում այս նախագծով, այլ ուզում են խամաճիկ դատական համակարգ ստանալ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ միայն այսօր առավոտյան ԱԺ խորհրդի 9.30-ին հրավիրված նիստում են իմացել, որ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի: Նա ընդգծել է, որ խմբակցությունը չի մասնակցի «հակասահմանադրական քննարկմանը»:

Սահմանադրության փոփոխությունների նախագիծի քննարկման մանրամասները՝ տեսանյութում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть