«Երեկ երեկոյից կորոնավիրուսով վարակված տանը սպասող քաղաքացի այլևս չկա». Արսեն Թորոսյանը՝ «աննախադեպ մոբիլիզացիայի» մասին - RadioVan.fm

Онлайн

«Երեկ երեկոյից կորոնավիրուսով վարակված տանը սպասող քաղաքացի այլևս չկա». Արսեն Թորոսյանը՝ «աննախադեպ մոբիլիզացիայի» մասին

2020-06-22 20:49 , Общество, 1300

«Երեկ երեկոյից կորոնավիրուսով վարակված տանը սպասող քաղաքացի այլևս չկա». Արսեն Թորոսյանը՝ «աննախադեպ մոբիլիզացիայի» մասին

«Կարծես թե ամեն օր արձանագրվող դեպքերի բացարձակ թվի առումով բավական կայուն վիճակում ենք, այսինքն օրական արձանագրվող դեպքերը, բացառությամբ երեկվա դեպքերը, երբ որ մոտ կրկնակի անգամ քիչ թերստեր էին արվել, տատանվում է մոտավորապես 500-600-ի շրջանակներում: Այդ իմաստով, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ իրավիճակի ավելի բարդացումը դեռ տեղի չի ունեցել»,-այդ մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նկատելով, որ կայուն իրավիճակը հակահամաճարակային միջոցառումների արդյունք է, քանի որ քաղաքացիները սկսել են ավելի հաճախ դիմակ կրել, ձեռքերը լվանալ և պահպանել սոցիալական հեռավորություն:

Նախարարը կարևորեց համավարակի ցածր ցուցանիշի պահպանումը, քանի որ ցածր թվերի դեպքում է միայն հնարավոր ունենալ քիչ թվով մահեր:

Թորոսյանի տեղեկացմամբ՝ այս պահին ունենք ծանր վիճակում գտնվող 504, ծայրահեղ ծանր՝ 123 քաղաքացի, թոքերի արհեստական շնչառական սարքին միացված է 44 քաղաքացի, ընդհանուր՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 627 պացիենտ կա, ինչն, ըստ նախարարի, նշանակում է, որ իրավիճակը շարունակում է ծանր մնալ:

«Երեկ երեկոյից կորոնավիրուսով վարակված տանը սպասող քաղաքացի այլևս չկա,-հայտարարեց Արսեն Թորոսյանը՝ պարզաբանելով,-այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն և նրանք կարիք ունեն հոսպիտալիզացիայի և իրենց առողջական վիճակով պայմանավորված, նրանք հրատապ հոսպիտալացվում են: Այս առումով մենք կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է: Հաջորդ խնդիրը մնում է որոշ բուժհաստատություններից դեպի կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ տեղափոխումը, դա նույնպես մոտ օրերս կլուծվի»:

Նախարարը միաժամանակ հայտնեց «աննախադեպ մոբիլիզացիայի» շրջանակում առաջիկա օրերին ևս մի քանի հիվանդանոցների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու մասին:

Նշենք՝ ճեպազրույցին ՀՀ առողջապահության նախարարից զատ մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть