Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 320-ով՝ հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 20 588-ի, բուժվածներինը՝ 129-ով՝ դառնալով 9 131, արձանագրվել է մահվան ևս 10 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 360-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրը կորոնավիրուսով հիվանդ ևս 3 մարդ էլ մահացել է «այլ հիվանդություններից», նման դեպքերի թիվը 117 է:
Ինչ վերաբերվում է 10 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.
«Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 980 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96 843 թեստավորում:
Նշենք՝ այս օրերին կորոնավիրուսով վարակվածներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարզային բուժկենտրոնների վերապրոֆիլավորումից զատ՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։
Ինչպես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հունիսի 20-ի դրությամբ մատակարարվել են 6 ամենագնացներ (ՈՒԱԶ Պատրիոտ և Շեվրոլե Նիվա) և 5 շտապօգնության մեքենաներ (Ֆորդ), իսկ մոտակա 2 ամսում կմատակարարվեն նաև 20 ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենաներ ՀՎԿԱԿ 10 մարզային մասնաճյուղերի համար։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը