Ի՞նչ վիճակ է դիմակների շուկայում. կառավարության այսօրվա նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Գևորգյանի՝ տեղական արտադրության եռաշերտ դիմակների առավելագույն արժեքը 100 դրամ է, ներմուծվածների արժեքը՝ մինչև 150 դրամ:
«Ավտոմատ ապարատների միջոցով այսօր նոր խմբաքանակը որ ստանանք՝ արդեն մեծածախի գինը նվազել է դարձել 60 դրամ: Ընդ որում, տեղական արտադրության երկու ընկերություններն էլ գինը իջեցրել են: Նոր խմբաքանակը որ ստանանք՝ կդառնա երկու հատը առավելագույնը 150 դրամ, այսինքն՝ մեկ դիմակը 70-75 դրամի շրջանակներում կվաճառվի: Դրանք ստերիլ փաթեթավորված են և հարմար են օգտագործման տեսանկյունից»,-տեղեկացրեց ՏՄՊՊՀ ղեկավարը՝ նշելով, որ շուտով կավարտեն բոլոր խոշոր դեղատնային ցանցերին առնչվող վարույթները: Գևորգյանը վստահեցրեց՝ եթե հաստատվեն գերիշխող դիրքի չարաշահումները, ապա նրանք նաև պատասխանատվության կենթարկվեն:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ բացառում եմ, որ ՀՀ-ում առկա է եղել ներմուծված կամ արտադրված 20 դրամանոց դիմակ, որը վաճառվել է 200-220 դրամով,-ընդգծեց ոլորտի պատասխանատուն՝ պարզաբանելով, որ, այո՛, ժամանակին դիմակները եղել են 20-30 դրամ, քանի որ ներմուծման արժեքն է ցածր եղել, բայց համաշխարհային դեֆիցիտի պատճառով դրանց արժեքը բարձրացել է:
Այս և կառավարության նիստից այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված՝ հանրապետությունում այս օրերին դիմակների կրումը հանրային փակ և բաց վայրերում պարտադիր է, պահանջը խախտողների համար վարչական պատասխանատվություն է սահմանված, տուգանքի սահմանաչափը 10 000 դրամ է։
Հունիսի 17-ից քաղաքացիները բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պետք է ոչ միայն կրեն դիմակներ, այլև՝ պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Ինչպես հստակեցրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որոշումն ընդունվել է հնարավոր խախտման պարագայում վարչական վարույթ սկսելու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը