Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 12 քաղաքացու մոտ: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։ Նշվում է, որ նոր վարակակիրները Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից:
Ընդհանուր առմամբ, Արցախում COVID-19-ը հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը:
Այս պահին մեկուսացված է 94 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1467 է:
Արցախում ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ Վիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայկական երկրորդ հանրապետություն մուտքը խստացվել է, ըստ նոր կարգի՝ Արցախի սահմանը թույլատրվում է հատել միայն COVID-19-ի բացասական թեստի առկայության դեպքում: Հունիսի 15-ից Արցախի բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ, որտեղ Արցախ այցելել ցանկացող չթեստավորված քաղաքացիները կարող են տեղում թեստավորվել։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը