Քաղաքապետարանը պարետին առաջարկել է մանկապարտեզները ժամանակավորապես փակել - RadioVan.fm

Онлайн

Քաղաքապետարանը պարետին առաջարկել է մանկապարտեզները ժամանակավորապես փակել

2020-06-16 20:43 , Общество, 1346

Քաղաքապետարանը պարետին առաջարկել է մանկապարտեզները ժամանակավորապես փակել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։

«Մինչև մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբացման ամսաթիվը, հարցումների արդյունքում ակնկալվում էր, որ կունենանք մինչեւ 30 տոկոս հաճախելիություն։ Սակայն վերաբացվելուց հետո առաջին օրերին հաճախելիությունը մոտ 10 տոկոս էր, որը այս շաբաթների ընթացքում գնալով նվազեց մինչեւ 6-7 տոկոսը։ Հավանական է, որ սույն առաջարկի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանում կենտրոնացված մեկ կամ երկու մանկապարտեզ գործի՝ վ/շ երեխաների համար։

Հուսով ենք, վարակի դեմ համընդհանուր պայքարի արդյունքում հնարավորինս շուտ կկարողանանք նախակրթությունը վերադարձնել բնականոն հունի մեջ։

Առաջիկա օրերին կտեղեկացնենք, թե որ վարչական շրջանում, որ մանկապարտեզները կգործեն»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ շուրջ 2 ամիս դադարից հետո Երևանի համայնքային մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը մայիսի 20-ից՝ պարտավորվելով պահպանել հակավարակային անվտանգության կանոնները: Այդ օրը մանկապարտեզներ շրջայցից հետո Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտնել էր, որ վերաբացված մանկապարտեզներում դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա, թե ծնողները, թե աշխատակիցները պահպանել են անվտանգության կանոնները:

Այս ընթացքում, սակայն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները մշտադիտարկումների արդյունքում բացահայտում էին մանկապարտեզների աշխատակիցների կողմից ձեռնոցներ և դիմակներ չկրելու, հակահամաճարակային կանոնները խախտելու դեպքեր։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть