Վերաբացված մանկապարտեզներում դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա․ քաղաքապետարան - RadioVan.fm

Онлайн

Վերաբացված մանկապարտեզներում դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա․ քաղաքապետարան

2020-05-20 17:50 , Общество, 1675

Վերաբացված մանկապարտեզներում դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա․ քաղաքապետարան

2 ամսից ավելի չգործող համայնքային մանկապարտեզներն այսօր առավոտյան բացել են դռները՝ ընդունելով առաջին սաներին:

«Այսօր ունեինք վերջին հարցումներով գրանցաված երեխաների շուրջ 25 տոկոսի հաճախում, ինչն սպասելի էր: Վստահ եմ, որ առաջիկա օրերին տոկոսները կավելանան: Մանկապարտեզներում պահպանված են համաճարակային անվտանգության բոլոր կանոնները։ Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք մանկապարտեզ բերել այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում հեռավար կատարել իրենց աշխատանքը և երեխաները խնամքի կարիք ունեն»,-փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքերն են փոխանցում քաղաքապետարանի լրատվության բաժնից։

Նշվում է, որ ծնողները երեխաներին ուղեկցել են մինչև մանկապարտեզի մուտքը, որտեղ բույժքույրերն ու դաստիարակները նախ հեռահար ջերմաչափերով ստուգել են երեխաների մարմնի ջերմաստիճանը, տվյալները գրանցել մատյաններում, որից հետո՝ ախտահանելով երեխաների կոշիկները՝ առանձին-առանձին ուղեկցել են ներս:

Հակավարակային անվտանգության կանոնների պահպանմանը Տիգրան Վիրաբյանն անձամբ է ծանոթացել՝ անակնկալ այցելելով տարբեր վարչական շրջաններում գործող մանկապարտեզներ:

«1.5մ հեռավորություն՝ խմբասենյակներում և ննջասենյակներում, երեխաների և աշխատակիցների հիգիենայի կանոններ. բացված մանկապարտեզների բոլոր աշխատակիցները մինչև աշխատանքային օրվա ավարտը կկրեն դիմակներ, պաշտպանիչ այլ միջոցներ, ձեռքերն էլ հաճախ կախտահանեն:

Դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա»,-փոխանցում են քաղաքապետարանից:

Երևանի փոխքաղաքապետը հետաքրքրվել է նաև սննդի մատակարարման գործընթացով:

«Մատակարարները մեր բոլոր պայմանավորվածությունները կատարել էին: Սննդի որոշ տեսակների փաթեթավորման առումով արված փոփոխությունները նույնպես գոհացուցիչ էին»,- հատկանշել է Տիգրան Վիրաբյանը:

Բոլոր մանկապարտեզների աշխատակիցները ծնողների հետ մշտական կապ կպահպանեն: Հունիսի 1-ին ընդառաջ կրկին ճշտումներ կարվեն՝ հաճախելիության մոտավոր թվային պատկեր ունենալու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

Հիշեցնենք՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն օրեր առաջ հայտնել էր, որ հարցումների համաձայն մանկապարտեզ կհաճախեն գրանցված սաների մոտ 30 տոկոսը՝ մոտ 11 հազար երեխա, որոնք հիմնականում աշխատող ծնողների երեխաներն են։

Лента

Рекомендуем посмотреть