Ծառուկյանի աջակիցների մասնակցությամբ ԱԱԾ շենքի մոտակայքում հավաք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

Ծառուկյանի աջակիցների մասնակցությամբ ԱԱԾ շենքի մոտակայքում հավաք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

2020-06-16 19:09 , Право, 1512

Ծառուկյանի աջակիցների մասնակցությամբ ԱԱԾ շենքի մոտակայքում հավաք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է․

«ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արգելքն անտեսելու, սահմանված կարգի խախտմամբ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում` ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, մի խումբ անձանց կողմից 2020 թվականի հունիսի 14-ին դիտավորությամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու, Երևան քաղաքի Նալբանդյան և հարակից Խանջյան փողոցները փակելու, երթևեկությունը խաթարելու, նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու՝ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն:

Միաժամանակ հորդորում ենք արտակարգ դրության պայմաններում զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց՝ պահպանելով օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված սահմանափակումները, որոնց չկատարումն առաջացնում է քրեական պատասխանատվություն»:

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) խուզարկություն էր իրականացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը, որից հետո Ծառուկյանը հայտնել էր, որ գնում է հարցաքննության: Մինչ նա կհասներ Նալբանդյանի փող. 104 հասցեում տեղակայված ԱԱԾ՝ շենքի հարևանությամբ հավաքվել էին ԲՀԿ-ական պատգամավորները, նրա աջակիցները:

Ոստիկանները հիշեցնելով, որ ՀՀ կառավարության 298-Ն որոշմամբ` արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, հայտարարել էին, որ տարածքը չլքելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ, և ոստիկանության օրինական պահանջները չկատարողները կենթարկվեն պատասխանատվության։

Տարածքը լքելու և հավաքը դադարեցնելու ոստիկանության պահանջը չկատարելու համար 100-ից ավելի քաղաքացիներ բերման էին ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть