«Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր։
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը, նա ներկայացել է ԱԱԾ՝ հարցաքննության, որը տևել է ավելի քան 8 ժամ:
Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանին առնչվող թվով 3 հաղորդագրություն տարածեց, որոնցից մեկի համաձայն, Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ընկերությունը պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների վնաս է պատճառել։ Մյուսի համաձայն՝ հայտարարվեց, որ բացահայտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: Ազգային անվտանգության ծառայությունը տարածած երրորդ հաղորդագրությամբ հայտնեց, թե պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, «Նյու» ՍՊ ընկերության հիմնադիրների, մասնակիցների ու տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարձակալությամբ տրամադրել են 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որտեղ համայնքի ղեկավարի որոշումներով ապօրինի կառույցներն օրինականացնելուց հետո և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու որպես արտադրական շինություններ օտարել են վերը նշված ընկերությանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կատարվածը որակել է «իրավական տեռոր»՝ տարածած հայտարարությունում նշելով, որ «Տապալելով համաճարակի դեմ պայքարը, դառնալով մեծաթիվ վարակակիրների և մահերի պատասխանատուն, հասկանալով, որ սարերի հետևում չեն սոցիալական ծանր խնդիրները՝ ՀՀ իշխանությունները որդեգրել են ընդդիմախոսներին ամեն գնով լռեցնելու քաղաքականություն»։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը