Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 397-ով՝ հունիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 17 064-ի, բուժվածներինը՝ 62-ով՝ դառնալով 6 276, արձանագրվել է մահվան ևս 16 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 285-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրը կորոնավիրուսով հիվանդ ևս 3 մարդ էլ մահացել է «այլ հիվանդություններից», նման դեպքերի թիվը 94 է:
Ինչ վերաբերվում է 16 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.
«Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 409 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 83 600:
Նշենք՝ հաշվի առնելով, որ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, ինչպես նաև այն, որ hանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը, ՀՀ կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը