Ազգային ժողովի ամբիոն, 10 րոպե եզրափակիչ ելույթի համար. արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ Ազգային ժողովում (ԱԺ) այսօր հրավիրված հատուկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես եզրափակիչ ելույթ 6 անգամ՝ տարբեր նրբերանգներով, հնչեցրեց այն հայտարարությունը, որն այս օրերին ՀՀ կառավարության անունից ողջ հանրապետությունում հնչեցնում են իրավապահները՝ ամեն օր ու բազմաթիվ անգամ։
«Ուշադրությո՛ւն: Խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակ է։ Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ, դրանք հանել միայն սնվելիս։ Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի քիթը և բերանը։ Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք դեմքին։
Պահպանեք 1,5 մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:
Սիրելի՛ հայրենակիցներ, կրե՛ք դիմակներ և դրանով փրկեք հարյուրավոր կյանքեր։ Դիմակները անհրաժեշտ է փոխել 3-4 ժամը մեկ։ Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության դիմակներ, այլև ձեր կողմից պատրաստված դիմակներ, որը պետք է օրվա վերջում լվանալ, ախտահանել ու հաջոդ օրը կրկին օգտագործել»,-ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն քաղաքացիներին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները, և բոլոր այն քաղաքացիներին, որոնք թեկուզ մինչև հիմա չեն պահպանել այդ կանոնները, բայց, ըստ Փաշինյանի, անսալով այս կոչին՝ կսկսեն պահպանել դրանք։
«Այս համաճարակից ելքը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դո՛ւ ես․ Եւ այսպես՝ մեկ+մեկ+մեկ+մեկ և հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիների ջանքերով, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոննները՝ առանց տուրք տալու էժան ապատեղեկատվությանը, ստահոդ լուրերին։ Եւ մենք միասին կհաղթենք։
Եւ ուրեմն՝
Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, և կեցցենք մենք և մեր երեխաները, որ պիտի ապրենք ազատ, երջանիկ, կորոնավիրուսից զերծ Հայաստանում»,- հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նիստը համարեց փակված:
Մոտ 5 ժամ տևած հատուկ նիստի մանրամասները՝ տեսանյութում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը