Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Եվրախորհրդարանի 3 պատգամավորի՝ Կապան-Հադրութ մայրուղու վերաբերյալ համատեղ հայտարարության առնչությամբ:
Հայտարարությունում ասված է.
«Հունիսի 10-ին Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողները և պատվիրակության ղեկավարը համատեղ հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր մայրուղու կառուցման վերաբերյալ:
Մենք մեծապես կարևորում ենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող քայլերը և Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր ճանապարհի կառուցումով, նորից վերահաստատում մեր աջակցությունը նմանօրինակ ջանքերին:
Վերհաստատում ենք նաև Արցախի Հանրապետության հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորում բանակցային գործընթացի բոլոր փուլերին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ փաստում ենք, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների վերոհիշյալ հայտարարությունը խիստ սուբյեկտիվ և կողմնակալ է իր բնույթով, իսկ նման մոտեցումները, ինչպես ցույց է տվել փորձը, միշտ էլ բացասական ազդեցություն են թողել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ջանքերին, որոնց ուղղությամբ տարիներ շարունակ իրենց գործունեությունն են իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները:
Վերոհիշյալ պատգամավորների սուբյեկտիվ մոտեցման մասին վկայում է նաև այն, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը նրանց կողմից երբևիցե չի արժանացել ոչ մի արձագանքի:
Կոչ ենք անում խորհրդարանական կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին դատապարտել ցանկացած նմանօրինակ քայլ՝ խստիվ հետևելով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին:
«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
Արցախի «Արդարություն» խմբակցություն
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն:
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»:
Նշենք՝ Եվրախորհրդարանի 3 պատգամավորի համատեղ հայտարարությանն այսօր արձագանքել է նաև Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեն՝ հայտարարելով, որ անընդունելի է Արցախի ինքնորոշման, արցախահայության ազատ տեղաշարժի իրավունքը կասկածի տակ առնող ու Արցախի անվտանգությանը սպառնացող ցանկացած հայտարարություն: Ընդգծվել է, որ «դրանց հեղինակների հետ հետագա հարաբերությունները կկառուցվեն ըստ իրենց կատարած այս կոպիտ սխալի վատթար հետևանքները չեզոքացնելու պատրաստակամության»: