ՀՀ վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Սոսյանի, քննելով Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) նախկին պետ Արմինե Խուդոյանի հայցը՝ իրեն համանքային ծառայության պաշտոնից ազատելու մասին Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 2018 թվականի օգոստոսի 01-ի թիվ 97 կարգադրությունն անվավեր ճանաչելու, «զագսի» պետի աշխատանքում իրեն վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը, չվճարված արձակուրդայինը և այլ հասանելիք գումարները բռնագանձելու, աշխատանքային գրքույկում համապատասխան ուղղում կատարելուն և իր խախտված իրավունքները վերականգնելուն պարտավորեցնելու պահանջների մասին վարչական գործով Վարչական դատարանի 2019 թվականի հունիսի 26-ի վճռի դեմ Արմինե Խուդոյանի և Էջմիածնի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները՝ մերժել է դրանք՝ ուժի մեջ թողնելով Վարչական դատարանի վճիռը, ըստ որի՝ հաստատվել է, որ գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանը Արմինե Խուդոյանին «զագսի» պետի պաշտոնից ազատել է ապօրինաբար՝ պարտավորեցնելով նրան վերականգնել Խուդոյանին այդ պաշտոնին:
Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Վերաքննիչ դատարանի՝ նախօրեին հրապարակված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք՝ ՀՀ-ում «թավշյա հեղափոխություն»-ից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի 22 հունիսի, 2018թ. 817-Ա որոշմամբ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դիանա Գասպարյանը (2018թ. հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընտրվել է Էջմիածին համայնքի ղեկավար-խմբ) առոչինչ էր ճանաչել նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ Արմինե Խուդոյանին ՔԿԱԳ պետ նշանակելու վերաբերյալ կարգադրությունը՝ նրան ազատելով աշխատանքից։ Դիանա Գասպարյանը հայտարարել էր, որ իր կարգադրությունում «ոչ մի քաղաքական խնդիր չկա, խնդիրը իրավական դաշտում է»՝ որպես հիմնավորում նշելով, որ տիկին Խուդոյանը 18.05.2013 թ․ այդ պաշտոնում նշանակվել է օրենքով սահմանված պահանջների խախտմամբ՝ չունենալով համապատասխան աշխատանքային ստաժ։
2019-ի հունիսի 26-ին, ահա, ՀՀ Վարչական դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 01.08.2018 թվականի թիվ 97 կարգադրությունը և որպես հետևանք` պարատավորեցվել է Արմինե Խուդոյանին վերականգնել զբաղեցրած պաշտոնին ու նրան վճարել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, Էջմիածնի քաղաքապետարանից հօգուտ Արմինե Խուդոյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի գումար:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը