Դատարանը պարտավորեցրել է Էջմիածնի ներկա քաղաքապետին պաշտոնին վերականգնել ապօրինաբար աշխատանքից ազատած «զագսի» նախկին պետին - RadioVan.fm

Онлайн

Դատարանը պարտավորեցրել է Էջմիածնի ներկա քաղաքապետին պաշտոնին վերականգնել ապօրինաբար աշխատանքից ազատած «զագսի» նախկին պետին

2019-07-01 18:14 , Право, 3121

Դատարանը պարտավորեցրել է Էջմիածնի ներկա քաղաքապետին պաշտոնին վերականգնել ապօրինաբար աշխատանքից ազատած «զագսի» նախկին պետին

ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Սոսյանի, դռնբաց դատական նիստում քննելով Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) նախկին պետ Արմինե Խուդոյանի հայցը՝ վճռել է, որ գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանը վերջինիս աշխատանքից ազատել է ապօրինաբար։

Նշենք՝ Արմինե Խուդոյանն ընդդեմ Էջմիածնի քաղաքապետարանի Վարչական դատարան էր դիմել իրեն համանքային ծառայության պաշտոնից ազատելու մասին Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 01.08.2018 թվականի թիվ 97 կարգադրությունն անվավեր ճանաչելու, Էջմիածնի համայնքապետարանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետի աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը, չվճարված արձակուրդայինը և այլ հասանելիք գումարները բռնագանձելու, աշխատանքային գրքույկում համապատասխան ուղղում կատարելուն և խախտված իրավունքները վերականգնելուն պարտավորեցնելու պահանջով։

Հիշեցնենք՝ ՀՀ-ում «թավշյա հեղափոխություն»-ից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 22 հունիսի, 2018թ. 817-Ա որոշմամբ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դիանա Գասպարյանը (2018թ. հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընտրվել է Էջմիածին համայնքի ղեկավար-խմբ) առոչինչ էր ճանաչել նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ Արմինե Խուդոյանին ՔԿԱԳ պետ նշանակելու վերաբերյալ կարգադրությունը՝ նրան ազատելով աշխատանքից։ Դիանա Գասպարյանը հայտարարել էր, որ իր կարգադրությունում «ոչ մի քաղաքական խնդիր չկա, խնդիրը իրավական դաշտում է»՝ որպես հիմնավորում նշելով, որ տիկին Խուդոյանը 18.05.2013 թ․ այդ պաշտոնում նշանակվել է օրենքով սահմանված պահանջների խախտմամբ՝ չունենալով համապատասխան աշխատանքային ստաժ։

Դատարանը հունիսի 26-ին հրապարակված վճռով, ահա, սահմանել է

-անվավեր ճանաչել Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 01.08.2018 թվականի թիվ 97 կարգադրությունը և որպես հետևանք` Արմինե Խուդոյանին վերականգնել զբաղեցրած պաշտոնին ու նրան վճարել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար,

- մնացած մասով հայցը մերժել:

2. Էջմիածնի քաղաքապետարանից հօգուտ Արմինե Խուդոյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի գումար:

3. Մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Վարչական դատարանի վճիռը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: Նշվում է, որ վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) միջոցով` պարտապանի հաշվին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть