ՁԻԱՀ-ի կենտրոնը ՊՈԱԿ-ից վերածվում է ՓԲԸ-ի - RadioVan.fm

Онлайн

ՁԻԱՀ-ի կենտրոնը ՊՈԱԿ-ից վերածվում է ՓԲԸ-ի

2020-05-27 18:38 , Общество, 1552

ՁԻԱՀ-ի կենտրոնը ՊՈԱԿ-ից վերածվում է ՓԲԸ-ի

ՀՀ կառավարության՝ մայիսի 20-ի որոշումով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) վերակազմավորվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ): Այդ մասին տարածած հայտարարությամբ տեղեկացնում են «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ից՝ համոզմունք հայտնելով, որ դա, միանշանակ, դրական է ազդելու կենտրոնի հետագա գործունեության, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության, կանխարգելման, մոնիթորինգի, գնահատման և բուժման կազմակերպման նոր մեխանիզմների կիրառման, մասնագետների վերապատրաստման, ֆինանսական միջոցների ծախսարդյունավետության, միջազգային գործընկերների և ՀԿ-ների հետ բազմաոլորտ և բազմասեկտորային համագործակցության վրա:

«Կենտրոնը վստահաբար շարունակելու է պատվով և բարձր պատասխանատվությամբ իրականացնել պետության և մեր քաղաքացիների առջև, ինչպես նաև տարբեր միջազգային պարտավորություններով ստանձնած իր առաքելությունը: Վստահեցնում ենք, որ կենտրոնի և ԱՆ բարձրակարգ մասնագետների կողմից համատեղ մշակված նոր ռազմավարության և գործող արդյունավետ հաշվետվական համակարգի կատարելագործման, թիրախային խմբերի ճշգրիտ թեստավորման արդյունքում մեր քաղաքացիները կկարողանան 100% ճշտությամբ ախտորոշվել և ստանալ անհրաժեշտ բարձրորակ բուժօգնություն»,-վստահեցվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության՝ այս տարվա հունվարի 30-ի նիստում ընդունված որոշումներից մեկով Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը» պետք է միավորվի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին, ինչի դեմ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները տևական ժամանակ բողոքի ակցիաներ էին իրականացնում, նշվում էր, որ կենտրոնը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, որի միավորումը հանգեցնելու է աղետալի հետևանքների։

Տասնյակ աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել:

Պարզելու համար, թե, արդյո՞ք, միավորման գործընթացն օրակարգում է՝ «Ռադիո Վան»-ը կապ հաստատեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» հետ, հաջողվեց խոսել միայն թեժ գծի աշխատակցի հետ, ով ասաց, որ միավորման գործընթացը, հավանաբար, օրակարգում է, բայցև՝ ընդգծեց, որ այս պահին Կենտրոնի՝ ՊՈԱԿ-ից ՓԲԸ վերակազմավորման մասին հստակ կարող է ասել:

Лента

Рекомендуем посмотреть