Մեկ շաբաթում 240 արձանագրություն՝ դիմակի բացակայության համար. տուգանքը 10 հազար դրամ է - RadioVan.fm

Онлайн

Մեկ շաբաթում 240 արձանագրություն՝ դիմակի բացակայության համար. տուգանքը 10 հազար դրամ է

2020-05-27 16:41 , Право, 1396

Մեկ շաբաթում 240 արձանագրություն՝ դիմակի բացակայության համար. տուգանքը 10 հազար դրամ է

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ի կատարումն պարետի որոշման պահանջների, ոստիկանությունն արձանագրություններ է կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան հոդվածով նախատեսված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու վերաբերյալ:

Այդ մասին այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, կազմվել է 966 արձանագրություն. քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների պահպանման կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը՝ տաքսի ավտոմեքենանների վարորդների նկատմամբ, իսկ 63-ը՝ հանրային տրանսպորտի, ավտոբուսների և երթուղային ավտոբուսների վարորդների և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ինչպես նաև երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք եղել են միևնույն ընտանիքի անդամներ կամ առհասարակ քաղաքացիներ, ովքեր երթևեկել են տրանսպորտում առանց պահանջների պահպանման:

Ոստիկանապետը միաժամանակ զեկուզել է, որ ի կատարումն երեկ պարետատան կողմից տրված հանձնարարականի՝ այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան թվաքանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվի կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը, և դրան համարժեք՝ կտրվի իրավական գնահատական:

«Այդ անցակետերի, ինչպես պայմանավորվել ենք, նպատակն է՝ համոզվել, որ որևէ մեքենա, որևէ մեքենայի ուղևոր չի երթևեկում առանց դիմակի: Եվ այն մեքենաները, որոնց ուղևորները կերթևեկեն առանց դիմակի, անկախ նրանից՝ նույն ընտանիքի անդամ են, թե ոչ, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Ես ակնկալում եմ, որ մեր միջոցառումներն ավելի խստացվեն և լրջանան, և ամեն օր այս թեմայի լրջությունը պետք է երևա մեր փողոցներում, մեր բնակավայրերում: Ի դեպ, մենք պայմանավորվել ենք նաև, որ որոշակի բնակավայրերում՝ Երևանի վարչական շրջաններում, կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի նաև տեղում համոզվենք, թե ինչքանով են պահպանվում սահմանված կանոնները: Երեկ նման միջոցառում տեղի է ունեցել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և այսօր էլ տեղի կունենա որևէ այլ տեղ, բնականաբար, նախապես չի հայտարարվի դրա մասին: Բայց այդ միջոցառումները նույնպես պետք է տեղի ունենան, և մեր ակնկալիքն է, որ կանոնների պահպանումը պետք է հասցնել հնարավոր ամենաբարձր մակարդակի: Եվ դա միակ տարբերակն է, որ մենք ունենանք վարակի ամենօրյա ամենացածր ցուցանիշները»,-իր հերթին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ որ Հայաստանում մայիսի 25-ին հանրային փակ և բաց վայրերում դիմակի կրումը պարտադիր է:

«Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որևէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»,-ֆեյսբուքյն իր էջում այդ օրը գրել էր ՀՀ վարչապետը:

Այն քաղաքացիներիը, որոնք կխախտեն դիմակի առկայության, կրման պահանջը՝ ենթակվում են վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։

Лента

Рекомендуем посмотреть