Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, ով օրեր առաջ հայտարարել էր, որ «անձամբ ականջալուր լինելով կառավարության շենքի մոտ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերի, աշխատակիցների, երաժիշտների, հանդիսավարների և ոլորտի այլ ներկայացուցիչների բողոքի ակցիայի ժամանակ հանրային քննարկում անցկացնելու կոչին»՝ կհանդիպի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնում է, որ հանդիպումը կայացել է:
«ԱԺ-ում հանդիպել եմ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ, ովքեր կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ակցիան էին իրականացնում` համավարակի ստեղծած հայտնի պատճառներով պայմանավորված և չեն կարողանում գործունեություն ծավալել։
Երկկողմ քննարկման արդյունքում՝ լսելով առկա խնդիրները և անդրադառնալով ռեստորանային ոլորտին փոխկապակցված բոլոր ծառայությունների շղթային՝ կփորձենք գտնել լուծումներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը:
Հիշեցնենք՝ մայիսի 20-ին վերոնշյալ ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիայով կառավարության շենքի առջև էին, նրանց պահանջը մեկն է՝ վերացնել առնվազն 5 հոգով այդ վայրեր հաճախելու պարետի որոշմամբ կիրառվող սահմանափակումները: