«Թույլ տվեք աշխատենք»․ այս պահանջով այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել ռեստորանների, հարսանյաց սրահների սեփականատերերը, աշխատակիցները, հանդիսավարները։
«Ասում են՝ մինչև դեկտեմբեր բոլոր օբյեկտները փակ են լինելու, հարց՝ մեր ընտանիքներին ո՞վ ա պահելու, թող մեր հարցի պատասխանը տան, ինչպե՞ս կարող ենք գոյատևել մինչև դեկտեմբեր, կարո՞ղ են էդ հարցի պատասխանը»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց հանդիսավար Արթուր Կարապետյանը։
«Եթե Հայաստանում բացվել են գրեթե բոլոր ոլորտները՝ ինչու՞ մեզ թույլ չեն տալիս։ Գրեթե 3 ամիս չենք աշխատում, ու, հերիք չի գումար չենք աշխատում՝ նաև արդեն մեծ պարտքերի մեջ ենք, որովհետև զույգերը կանխավճարներ են տվել, հույսեր են կապել մեր հետ, որը չի կատարվել, որովհետև երկրում արտակարգ դրություն է»-ասաց բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից՝ միջոցառումների կազմակերպիչ Արփինե Կարապետյանը, ում խոսքով կանխավճարներ են տրվել սկսած 100 դոլարից։
Նշենք՝ մինչ բողոքի ակցիայի մեկնարկը՝ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով չխախտել կառավարության՝ հանրահավաքներ անցկացնելու արգելքի վերաբերյալ որոշման պահանջները։
«Օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերին ու աշխատակիցներին, երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին, խոհարարներին, մատուցողներին և այլ մասնագիտությունների տեր անձանց կոչ էր արվում հավաք իրականացնել։
Հիշեցնենք, որ 2020 թվականի Կառավարության 298-Ն որոշմամբ` արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։
Կոչ ենք անում չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում կառաջացնի իրավական հետևանքներ»,-մասնավորապես նշել էր ՀՀ ոստիկանությունը, որի ներկայացուցիչներն արդեն ակցիայի վայրում պարբերաբար հորդորում էին պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ արտակարգ դրության իրավական պահանջները չկատարելու հիմնավորմամբ՝ բերման ենթարկեցին մասնակիցներից 2-ին՝ Սարգիս Գրիգորյանին և Արմեն Միրզոյանին։
Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք, որ ակցիայի մասնակից ռեստորանների ներկայացուցիչներից 5-ը հրավիրվեցին կառավարություն՝ քննարկման։
«Կառավարությանն առաջարկել ենք դուխով բացել ռեստորանները, առաջարկել ենք մեր աջակցությունը՝ ռեստորանների վերաբացման հնարավորությունները քննարկելու համար»,-ներկայացնելով հանդիպման արդյունքները՝ հայտարարեց քննարկմանը մասնակցած հանդիսավար Վարդան Խաչատրյանը՝ նշելով, որ գիտակցում են սոցիալական անվտանգության պահպանման անհրաժեշտությունը և իրենց աշխատանքները կկազմակերպեն այդ սկզբունքով:
Ինչ վերաբերվում է բերման ենթարկվածներին, ապա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժին արագ արձագանքման խումբ է մեկնել, խնդրով զբաղվում են նաև Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան