«Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյան

2020-05-21 15:36 , Общество, 1586

«Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյան

«Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, մահերի թիվը 70 է»,-կառավարության հերթական նիստի մեկնարկին անդրադառնալով համավարակի ներկա վիճակին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քաղաքացիների դիտարկումներն արդարացի համարելով՝ առաջին անգամ նիստին պաշտպանիչ բժշկական դիմակով էր ներկայացել։

Գործադիրի ղեկավարը նշեց, որ քաղաքացիների կողմից սոցիալական ցանցերում ճիշտ դիտարկումներ են եղել այն մասին, որ իրենք փակ տարածքներում՝ քննարկումների ժամանակ, դիմակ չեն կրում։

«Կարծում եմ՝ արդարացի և շատ ճիշտ դիտարկում է»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ բոլոր պետական գերատեսչություններում պետք է այդ պահանջի կատարման նկատմամբ լինեն հետևողական՝ կրելով դիմակներ միջանցքներում, ճաշարաններում ապահովել պատշաճ հեռավորություն, իսկ պետական կառավարման մարմիններում առանց դիմակի մարդիկ, ըստ վարչապետի, կարող են լինել այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակում մենակ են։

Վարչապետը խոսեց նաև հանրության շրջանում տարածված այն տեսակետի մասին, ըստ որի նշվում է, թե կառավարությունը մարդկանց գումար է տալիս, որ նրանք համաձայնեն դառնալ պացիենտ՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար:

«Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի օրվանից մենք որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չենք հաղորդել, և մեր Կառավարությունը որևէ մանիպուլյատիվ ինֆորմացիա հանրությանը չի հայտնել: Իրավիճակը ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել կամ պատկերացնում ենք, և մենք պետք է խստագույն միջոցառումներ ձեռնարկենք համավարակը հսկողության տակ առնելու համար, որ ստիպված չլինենք գնալ նորից ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումներին»,-ասաց վարչապետը և, անդրադառնալով այս փուլի մարտավարությանը՝ ընդգծեց.

«Այս փուլում մեր մարտավարությունը հետևյալն է ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտինի»։

Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել լրջությամբ վերաբերվել իրավիճակին, քանի որ դրա բացակայության հետևանքով կորոնավիրուսից «մահվան թվերը էականորեն կավելանան»:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն ավելացել է 335-ով՝ հասնելով 5606-ի, ապաքինվածների թիվը ավելացել է 162-ով՝ կազմելով 2581, մահվան ելքով ևս 3 դեպք է արձանագրվել՝ ընդահնուր թիվը դարձնելով 70: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Ըստ աղբյուրի, նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 27 է։

Лента

Рекомендуем посмотреть