«Այս գործն է, որ զավեշտ է, ծաղր է՝ իրավունքի նկատմամբ». փաստաբանները կբողոքարկեն Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումը - RadioVan.fm

Онлайн

«Այս գործն է, որ զավեշտ է, ծաղր է՝ իրավունքի նկատմամբ». փաստաբանները կբողոքարկեն Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումը

2020-05-18 16:26 , Право, 1468

«Այս գործն է, որ զավեշտ է, ծաղր է՝ իրավունքի նկատմամբ». փաստաբանները կբողոքարկեն Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումը

Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանական թիմը կբողոքարկի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։

Այդ մասին հայտնում են երկրորդ նախագահի փաստաբանական թիմից՝ նշելով, որ ստացել են դատավոր Աննա Դանիբեկյանի՝ 92 էջից բաղկացած որոշումը:

«Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերին և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն Վերաքննիչ քրեական դատարան»,-ընդգծում են Քոչարյանի փաստաբանական թիմից։

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի, Հովհաննես Խուդոյանի (Խուդոյանի անունը դատավոր Դանիբեկյանը որոշումն ընթերցելիս առհասարակ չհիշատակեց) միջնորդությունները՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը ընտրելու, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ 3 միջնորդությունները: Անձնական երաշխավոր ներկայանալու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ «Սա ոչ թե խափանման միջոցի, այլ մարդուն պատժելու խնդիր է»,-դատարանից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:

Այսօր տարածած հայտարարությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բարձրաձայնում են՝ իրենց պաշտպանյալի գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխաններն արդեն տրվել են:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՏՐՎԵԼ ԵՆ: ՀԵՆՑ ԱՅՍ ԳՈՐԾՆ Է, ՈՐ ԶԱՎԵՇՏ Է, ԾԱՂՐ Է՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Սույն թվականի մայիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ով դեռ 2018 թվականին հայտարարում էր «մարտի 1-ի գործի» ամբողջությամբ բացահայտված լինելու մասին, կրկին անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, հերթական անգամ նշել է պարկուճների ենթադրյալ փոփոխված լինելու մասին և վերջում էլ արձանագրել է, որ «հնարավորություն տրվի՝ դատաքննություն տեղի ունենա, կարծում եմ շատ հարցերի պատասխանները հանրությունը կիմանա»:

1. Պարկուճները ոչ մի առնչություն չունեն մահվան հանգամանքները բացահայտելու հետ

Նախ ստիպված ենք հիշեցնել, որ այդ պարկուճների հարցով ՀՔԾ-ի և Դատախազության գործադրած հավանական ու անհավանական ջանքերի պայմաններում, նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը նշված մեղադրանքը չի հաղթահարել: Նորություն չենք ասի, որ պարկուճների առկայության, նույնականացման կամ դրա հետ կապված այլ հանգամանքները՝ 10 անձանց մահվան պատճառ¬ները բացահայտելու վրա որևէ ազդեցություն չունի: Մահվան հանգամանքների պարզման համար ազդեցություն կարող է ունենալ փամփուշտների և դրանք արձակած զենքերի նույնականացումը, այն էլ միայն հրազենային վնասվածքից մահացած զոհերի դեպքում: Ավելին՝ առնվազն հենց ՀՔԾ պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ առնվազն յոթ անձանց դեպքերի հետ պարկուճները ոչ մի առնչություն չունեն: Տեղին կլիներ հիշատակել Գեղամ Պետրոսյանին հենց 10 անձանցից մեկի սպանության մեջ մեղադրանք առաջադրելու, կալանավորելու, այնուհետև նույնիսկ կալանքը երկարաձգելու միջնորդությունից հրաժարվելու հանգամանքը, քանի որ հերքվեց վերջինիս առնչությունը այդ մեղադրանքին: Սակայն հիշեցնում ենք, որ հենց Նիկոլ Փաշինյանի և իր աջակիցների կողմից Գ. Պետրոսյանի կալանավորմամբ ազդարարվել էր «սպանությունների բացահայտումը»: Իսկա¬պես արդեն անհերքելի է, որ արվում է ամեն ինչ 10 անձանց մահվան պատճառները բացահայ¬տելուց խուսափելու և կոծկելու համար:

2. Դատական քննությունը արդեն մեկ տարուց ավել է ինչ սկսվել է, այն ծայրահեղ քաղաքականացված է, և իշխանության ճյուղերը պարբերաբար միջամտում են դատարանի գործունեությանը

Ինչ վերաբերում է դատաքննությանը, տեղեկացնենք, որ 2019 թվականի մայիսից սկսել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքի գործով դատական քննությունը, իրա¬վունքի հետ աղերս չունեցող քաղաքականացված մի գործընթաց, որի շրջանակներում երեք ամիս դատական նիստեր տեղի չէին ունենում Դատավոր Գրիգորյանից գործը խլելու օպերացիայի հետևանքով, այնուհետև միայն վերջերս երկու ամիս կորոնավիրուսային վարակի պայմաններում դատավորի պլաստիկ վիրաբուժության և հետո էլ տարեկան արձակուրդում գտնվելու հետևանքով:

Այնպես որ դատաքննությունը սկսված է, ավելին, սույն գործով դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ 7-ի գործով և հենց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը չի կարող կիրառվել հետադարձ ուժի հետևանքով, բայց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում դատավորը այն աստիճան է վախենում, որ չի կարողանում նույնիսկ որոշում ընդունել, հետաձգելով այդ հարցի քննությունը: Իսկ վախենալու պատճառներից մեկը հենց այն է, որ Նիկոլ Փաշինյանը որպես գործադիր իշխանության ղեկավար՝ խոսում է փաստացի դատարանի վարույթում գտնվող գործի մասին, ընդգծելով դրա քաղաքական բնույթը: Գործընթացին ուղղակի կամ անուղղակի կերպով արդեն իսկ ի հավելումն Նիկոլ Փաշինյանի միջամտել են ՀՀ ԱԺ խոսնակը (գնահատական տալով գործով Սահմանադրական դատարանի որոշմանը), Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ՝ տալով գործի վերաբերյալ գնահատականներ, նույնիսկ մասնակ-ցելով դատարանների շրջափակման օպերացիային:

3. Մարտի 1-ի փաստական հանգամանքները արդեն հաստատվել են դատական ակտերով

Ինչ վերաբերվում է մարտի մեկի կազմակերպիչներին իմանալու մասին Նիկոլ Փաշինյանի պնդմանը, ապա այն չի կարող իրական չլինել, քանի որ նշված հանգամանքներն իրեն հայտնի են դեռ 2008 թվականից: Նիկոլ Փաշինյանը, լինելով զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից և ողբերգության հիմնական մեղավորներից մեկը, իրոք որ լավ գիտի տեղի ունեցածի դետալ¬ները: Նշված պնդումը՝ ի տարբերություն հարցազրույցի ժամանակ հնչեցված պնդման (ընդ որում՝ վերջին երկու տարվա ընթացքում իրարամերժ և նույն տեսակի պնդումների ականատես ենք լինում) Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հաստատվել է արդեն իսկ ուժի մեջ մտած դատական ակտով (դատարանի ԵԿԴ/0227/01/09 գործով դատավճռով–որին բոլորը կարող են ծանոթանալ http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=14355... հղմամբ): Հիմա, ստանձնելով երկրի վարչապետի պաշտոնը, Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է վերաշարադրել պատմությունը և մաքրվել մարտի մեկի խարանից, ինչը երբեք չի ստացվելու: Նշված բեռը թեթևացնելու միակ եղա¬նակը իր իսկ մատնանշված ապաշխարհելու, մեղքը ընդունելու, ներողություն խնդրելու միջոցն է, ինչը պետք է ուղղորդվի քաղաքական և այլ ապօրինի հետապնդումները դադարեցնելով և երկրում տեղի ունեցող գործընթացները իրավական և ժողովրդավարական (ներառյալ իրավունքի գերակայության) դաշտ վերադարձնելով:

Այսպիսով, կարծում ենք ավելի անկեղծ կլիներ, խոսելով այս գործից, ընդգծել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակնհայտ ապօրինի կալանքի և Հայ ժողովրդի հերոսական պատմությունը ձեռք առնող (ամենացայտուն դրվագներից մեկը հենց մարտի 16-ին ներկայացված կալանքի վերացման կամ փոփոխման միջնորդության քննությունը հենց մայիսի 8-ին նշանակելն է, որի ժամանակ էլ դատախազի աթոռին նստած անձը հայտարարում է որ անձանց Շուշիի ազատագրման համար չեն դատում) գործընթացը:

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով (Ռոբերտ Քոչարյանի) գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները արդեն տրվել են և հանրության համար առավել քան պարզ են, գործի նյութերն էլ դեռ նախաքննության ընթացքում հրապարակվել են տարբեր ԶԼՄ-ներով: Եթե մեղադրանքի կողմը կամ այլոք կարծում են, որ այլ էական նյութեր կան, նրանք ազատ են նշված նյութերը նույնպես հրապարակել հենց այսօր:

Հենց այս գործն է, որ զավեշտ է, ծաղր է՝ իրավունքի նկատմամբ»:

Лента

Рекомендуем посмотреть