«Իրավական որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, սա իրավական տրամաբանություն չունի»,-«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը, ով ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ «առկա են բոլոր հիմքերը, բոլոր հիմնավորումները, հնարավոր և անհնարին օրենսդրական երաշխիքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերացման համար»:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հրապարակած որոշմամբ մերժեց պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի, Հովհաննես Խուդոյանի (Խուդոյանի անունը դատավոր Դանիբեկյանը որոշումն ընթերցելիս առհասարակ չհիշատակեց) միջնորդությունները՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը ընտրելու, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ 3 միջնորդությունները: Անձնական երաշխավոր ներկայանալու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Երեկվա վիրահատությամբ պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստիններկա չէր:
Քոչարյանի փաստաբանական խումբը, ամենայն հավանականությամբ կբողոքարկի որոշումը:
«Որոշումը կստանանք՝ կգնահատենք, տվյալ դեպքում տեսնում ենք, գնահատում ենք քաղաքական հետապնդման հետագա փուլ, սա ոչ թե խափանման միջոցի խնդիր է, այլ մարդուն պատժելու խնդիր է, հետամուտ ենք լինելու, որ այս ապօրինությունների բոլոր մասնակիցները պատասխանատվություն կրեն, մանավանդ, որ այդ անձինք բարձրաձայնել են, որ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը շատ հարմար տեղ է կորոնավիրուսից պատսպարվելու համար»,-դատարանից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում իր հերթին նշեց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ կարծիք հայտնելով, որ Դատարանի այսօրվա որոշումը 10-օրյա ժամկետում կբողոքարկեն:
Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 19-ին, ժամը 13:00-ին։
Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից. այդ օրը Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելու 2019-ի մայիսի որոշումը՝ կալանքի տակ վերադարձնելով ՀՀ երկրորդ նախագահին: