Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան կուղարկվի ՍԴ - RadioVan.fm

Онлайн

Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան կուղարկվի ՍԴ

2019-11-07 14:00 , Право, 2062

Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շրջանակում հավանություն է տվել Լանզարոտում ստորագրված ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Որոշում է կայացվել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում, կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, ուժի մեջ մտել՝ 2010 թվականի հուլիսի 1-ից։ Կոնվենցիան ստորագրվել է 47 պետության կողմից, ուժի մեջ է մտել 44 պետությունում։

Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին։ Կոնվենցիայի նպատակն է կանխարգելելերեխայի նկատմամբ սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունները, պաշտպանել զոհերի իրավունքները և ապահովել այդ բնագավառում ազգային և միջազգային համագործակցությունը:

Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու չարաշահման բոլոր ձևերը կանխարգելելու և երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ ոլորտի մասնագետների պատրաստում և վերապատրաստում, դրան զուգահեռ՝ լայնածավալ տեղեկատվական քարոզարշավների կազմակերպում, մասնագիտացված և համակարգող մարմինների ստեղծում/զարգացում. սեռական շահագործման և սեռական բնույթի բռնություններից տուժած երեխաների ուղղորդման մեխանիզմի մշակում և ներդնում, բազմամասնագիտական փոխգործակցության ապահովում, երեխայի պաշտպանության համակարգի զարգացում, զոհերի աջակցություն և պաշտպանություն, այդ թվում՝ նրանց հանցագործից մեկուսացնելու, հարազատներին աջակցելու, դեպքերին արագ արձագանքելու և դեպքերն արդյունավետ վարելու միջոցով:

Лента

Рекомендуем посмотреть