«Մեզ ուզում են հավասարեցնել «քիլլերների», ուզում են շեղել մեր արժեքներից». Փաշինյանը՝ ԱԺ-ի միջադեպի գնահատականով - RadioVan.fm

Онлайн

«Մեզ ուզում են հավասարեցնել «քիլլերների», ուզում են շեղել մեր արժեքներից». Փաշինյանը՝ ԱԺ-ի միջադեպի գնահատականով

2020-05-08 21:06 , Политика, 1450

«Մեզ ուզում են հավասարեցնել «քիլլերների», ուզում են շեղել մեր արժեքներից». Փաշինյանը՝ ԱԺ-ի միջադեպի գնահատականով

«Արդեն 2 տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունը և այս կառավարությունը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության պատգամավորներին՝ կին պատգամավորներին, սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ:

Եվ այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի և քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը»,-այդ մասին այսօր Ազգային ժողովում (ԱԺ) իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ներկայությամբ խորհրդարանի դահլիճում առավոտյան կատարված միջադեպին:

Գործադիրի ղեկավարը դատապարտելով բռնության ցանկացած դրսևորում՝ խոսքն ուղղեց դահլիճից բացակայող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նշելով. «Ես ուղիղ ասել եմ, որ, այո՛, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր՝ կասկածելու, որ Դուք և Ձեր գործունեությունը, այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները, ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժանելի մասն է»:

«Եվ ես, այսօր առավոտյան դիտելով տեղի ունեցածի տեսագրությունը, մի պարզ հարց եմ տալիս - կներեք, որ այսպիսի մանրամասների մեջ եմ մտնում, բայց ստիպված եմ - միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այնտեղ՝ ամբիոնից ներքև: Հարց՝ իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողն այնտեղ կանգնած, և երբ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում: Ինչի՞ համար էր գնում: Քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Կամ որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, եթե նույնիսկ շարժվել էր, որտեղի՞ց վստահությունը, որ նա, ուղղակի վրդովմունքն իր ձևով արտահայտելով, դուրս չէր գալու այս դահլիճից: Տեղի ունեցածն այլ կերպ, քան սադրանք՝ քստմնելի սադրանք, կներեք, ես չեմ կարող անվանել, մանավանդ այդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո»,-ասաց Փաշինյանը՝ միաժամանակ դատապարտելով այն, որ իրենք տրվում ենք սադրանքների:

«Իմ եղբորը, իմ ընկերոջը ես դատապարտում եմ, որովհետև մենք իրավունք չունենք տրվել սադրանքների: Որովհետև, այո՛, մեզ անընդհատ, ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից: Այս ամբիոնից էր այդ նույն մարդն ասում՝ մեզ «պադյեզդներում» ծեծելո՞ւ եք: Նրանք ուզում են մեզ դարձնել իրենց «պադյեզդներում» ծեծողներ: Նրանք մեզ ուզում են հավասարեցնել «քիլլերների»: Նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից: Նրանք մեզ ուզում են հանել հավասարակշռությունից: Եվ, այո՛, այսօր Հայաստանում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ: Ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից: Սա է ճշմարտությունը…

Եվ, այո՛, ես դատապարտում եմ մեզ, ես դատապարտում եմ ինձ, և այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և իմ՝ անձամբ, ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո: Բայց սա որևէ մեկին թող հուսավառ չանի, որովհետև, կներեք, «ես» եմ ասում, բայց «մենք» հասկանանք՝ ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս ու տեսել քմծիծաղը ստի - այսօր էլ ենք մենք տեսնում քմծիծաղը ստի - բայց իմ կամքը ամուր է քարից էլ, իմ ոգին հանձնվել չգիտի: Այո՛, այս ամեն ինչը կապ ունի «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի հետ, այս ամեն ինչը կապ ունի բազմաթիվ և բազմապիսի քրեական գործերի հետ: Որովհետև երբ այդ գողացված միջոցները վերադարձվեն, որտեղի՞ց են իրենց թուլափայն ստանալու թուլափայ ստացողները:

Եվ շատ կենսական հարց է լուծվում այսօր: Այսօր բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, բռնության, հոգեբանական բռնության է ենթարկվում հանրությունը, որովհետև նրանք ուզում են մեզ դնել ընտրության առաջ՝ կամ մենք պետք է դառնանք «պադյեզդներում» ծեծողներ, կամ մեր թիմակիցները պետք է վախենան «պադյեզդներ» մտնելիս: Թույլ չե՛նք տա: Այո՛, այդ շքամուտքերում ձեզ ասֆալտներին կպառկացնենք: Դուք չունեք հնարավորություն Հայաստանի ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին: Ես 100 անգամ ասել եմ այս մարդկանց, գնացեք, նայեք հարյուրավոր ելույթներ, գնացեք, տեսեք՝ ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի հետ այս ամբիոնից, գնացեք, տեսեք՝ ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանի հետ այս ամբիոնից և գնացեք, տեսեք, թե ոնց են նրանք խոսում ժողովրդի լեգիտիմ իշխանություն ունեցող մեծամասնության հետ՝ ասելով, որ «մի քանի վայրկյան խոսելու եմ, անդրադառնալու եմ ելույթին, բայց ափսոսում եմ այդ մի քանի վայրկյանը»»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ միջադեպն այլևս երբեք չպետք է կրկնվի:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում էր ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու և դրա շուրջ տեղի ունեցած քննարկումներին եզրափակիչ ելույթով անդրադառնալու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть