ՀՀ կառավարությունն ամփոփելով 2019 թվականի կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները՝ հրապարակված զեկույցում, պաշտպանական ոլորտում իրականացված աշխատանքների բաժնում, արձանագրում է.
«2019-ին ձեռք է բերվել տեսանելի ժամանակահատվածի համեմատաննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐՄ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, հարյուրավոր միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են 26%-ով։
Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր ընկերությունների կողմից իրականացվում է 41 զորամասի բարձրակարգ և որակյալ պարենավորումը:
Բարելավվել է մարտական դիրքերի սննդակարգը: Շարունակվում են համազգեստի և ճտքավոր կոշիկների որակի բարելավման և հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Սահմանապահ 152 մարտական դիրք ապահովվել է ջրամատակարարմամբ, արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 53 մարտական դիրք։ Շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով։ Առաջիկայում սառնարաններով կապահովվի ևս 45 մարտական դիրք»։
Զեկույցից տեղեկանում ենք նաև, որ առաջնագծում տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր, տեղադրվել են մարտական (կրակային) նոր դիրքեր: Շարունակվել են հենակետերը տեսադիտարկման, ազդարարման համակարգերով, ինքնաշխատ կառավարվող զենքերով կահավորելու աշխատանքները:
Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրի հիմնական արդյունքների մասին զեկույցը:
«2019 թվականը, ինչպես գիտեք, ետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և այդ ամբողջական տարին է, որ պիտի լիարժեք պատկերացում տար մեզ ետհեղափոխական կառավարության և քաղաքական մեծամասնության պոտենցիալի մասին: Եվ, ըստ այդմ, շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համար: Այսինքն՝ 2019 թվականին մենք մեր մեծ տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը»,-ընդգծել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: