«Կասեմ՝ իմ ֆոնդից ձեր հոսանքի գումարը կտան», «Կառավարությունից էդքան է ստացել, բա ինչո՞ւ չեք մուծում գումարը»․ Փաշինյանը զանգել է հոսանքի անջատումից տուժած քաղաքացիներին - RadioVan.fm

Онлайн

«Կասեմ՝ իմ ֆոնդից ձեր հոսանքի գումարը կտան», «Կառավարությունից էդքան է ստացել, բա ինչո՞ւ չեք մուծում գումարը»․ Փաշինյանը զանգել է հոսանքի անջատումից տուժած քաղաքացիներին

2020-04-30 18:07 , Общество, 1303

«Կասեմ՝ իմ ֆոնդից ձեր հոսանքի գումարը կտան», «Կառավարությունից էդքան է ստացել, բա ինչո՞ւ չեք մուծում գումարը»․ Փաշինյանը զանգել է հոսանքի անջատումից տուժած քաղաքացիներին

«Կոմունալների թեման ավելի խորը հասկանալու համար խնդրել եմ մի շարք բաժանորդների ցուցակներ, որոնց հոսանքն անջատված է պարտքի պատճառով, և ուզում եմ մի քանիսի հետ խոսել՝ իրենց պատմությունն ավելի լավ հասկանալու համար»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոմունալ ճգնաժամից տուժածների բնակարաններ զանգեր կատարելու մեկնարկին։

Առաջին հասցեագրված զանգին պատասխանեց մի կին՝ նշելով, որ 5 օր է հոսանքն անջատած է։

«82 տարեկան կեսրար ունեմ տանը, ամուսինս վիրահատված է: Ասել են՝ մինչև չվճարեք, չեն միացնի: 50 հազար էր պարտքը, ես 40 հազար վճարեցի, խնդրեցի միացնեն լույսը, մինչև թոշակ կստանամ, կվճարեմ: Բայց չմիացրին: Աշխատող չունենք, ես եմ միայն գնում, տներ եմ մաքրում: Երկու տղա ունեմ, մեծը՝ 23 տարեկան, բանակից եկել է, մեկ-մեկ շինարարության գործ է անում, բայց հիմա չկա, մյուսն էլ 21 տարեկան է»,-ասաց կինը՝ նշելով, որ տան միակ աշխատողը ինքն է, վիրահատված է, ուռուցքներ ունի, իսկ հոսանքի պարտքը 50 հազար դրամ է։

Փաշինյանը, տեղեկանալով նրանց կենսապայմաններին, ասաց, «կասեմ՝ իմ ֆոնդից ձեր հոսանքի գումարը կտան»։

Մեկ այլ քաղաքացու հետ զրույցից էլ պարզվեց, որ մի ընտանիք, որտեղ 25-ամյա որդին խոհարար է, օգտվել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերից՝ ստանալով 300 հազար դրամ։

«Մի րոպե, կառավարությունից էդքան է ստացել, բա ինչո՞ւ չեք մուծում գումարը»,- հետաքրքրվեց վարչապետը: Ի պատասխան՝ կինը նշեց.

«Էնքան պարտք կա, երկու ամիս չես կարող, չէ՞, ասել «սոված մնացեք»»:

Նշենք՝ էլեկտրաէներգիայի վարձերը չվճարելու պատճառով այս օրերին 4300 բաժանորդի հոսանք է անջատվել, հիմնականում պարտքը գերազանցել է 30 000 դրամը։

ՀԷՑ-ը 775 հազար բաժանորդ ունի։

Лента

Рекомендуем посмотреть