Ընտրությունը հետևյալն է՝ երկրում հոսանք լինելո՞ւ է, թե՝ ոչ․ Փաշինյանը՝ կոմունալները չվճարելու հետևանքների մասին - RadioVan.fm

Онлайн

Ընտրությունը հետևյալն է՝ երկրում հոսանք լինելո՞ւ է, թե՝ ոչ․ Փաշինյանը՝ կոմունալները չվճարելու հետևանքների մասին

2020-04-28 14:23 , Политика, 1520

Ընտրությունը հետևյալն է՝ երկրում հոսանք լինելո՞ւ է, թե՝ ոչ․ Փաշինյանը՝ կոմունալները չվճարելու հետևանքների մասին

Այս օրերին անջատվել է ՀԷՑ-ի 775 հազար բաժանորդից էլեկտրաէներգիայի վարձերը չվճարած 4300 բաժանորդի հոսանք, հիմնականում պարտքը գերազանցել է 30 000 դրամը, իսկ գազի՝ 623 հազար բաժանորդներից 736-ի մատակարարումն է կասեցված, պարտքը հիմնականում կազմել է 80 000 դրամ և ավելի. տվյալները ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ վճարումների ճգնաժամին։

Նա հիշատակելով նախկինում իր արած այն հայտարարությունը, թե արտակարգ դրության ժամանակ մարդկանց լույսն ու գազը չի անջատվելու՝ ասաց, որ իր այդ հայտարարությունից հետո կոմունալ վարձավճարները չեն վճարել ո՛չ միայն գումար չունեցողները, այլև՝ ունեցողները։

«Հարուստ մարդիկ սկսել են չվճարել, պատճառն այն է, որ կառավարությունն ասել է՝ չվճարելու պարագայում անջատումներ չեն լինելու։ Ամենամեծ ռիսկն այն է, որ էներգետիկ համակարգը կարող է քանդվել։ Կարող է ոչ թե խոսք գնալ 5000 հոգու էլեկտրաէներգիան անջատելու մասին, այլ նրա, որ էներգետիկ համակարգը կարող է չաշխատել։ Ընտրությունը նրա մեջ է, երկրում հոսանք լինելո՞ւ է, թե՝ ոչ։ Եթե ճգնաժամ չլիներ, այսպես չէր լինի»,- ասաց վարչապետը։

Այս պայմաններում կառավարությունը համաձայնություն է տվել, որ ՀԾԿՀ-ն և մատակարարները խստացնեն իրենց դիրքորոշումը, ինչից հետո համակարգում մեծ ծավալի վճարումներ եղան:

Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին կոչ անելով վճարել սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց՝ հիշեցրեց՝ ՀԷՑ-ն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հումք են գնում արտադրանք տալու համար, վճարում են իրենց աշխատակիցներին, բացի այդ էլ խոշոր հարկատուներ են:

Իսկ ստեղծված իրավիճակում, ըստ գործադիրի ղեկավարի, կոմունալ ճգնաժամին պետք է այլ լուծում տրվի, քան չվճարումն է, քանի որ չվճարումների փորձը ցույց է տվել, որ այն հանգեցնում է սպեկուլյացիաների, համակարգի կոլապսի վտանգի։

«Հարցի այլ լուծում կգտնենք, ակնհայտ է, բայց դրանք չեն լինի 100 տոկոսանոց ու կատարյալ, դա ակնհայտ է։ Մենք պետք է ամեն բան անենք, որ այդ ծրագրերը լինեն խիստ հասցեական»,-նշեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ հոսանքազրկված քաղաքացիները շատ չեն ջղայնացած։

Ի դեպ այսօր, չնայած գործող տեղաշարժման սահմանափակումներին՝ կառավարության շենքի դիմաց այսօր մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ դժգոհելով էլեկտրաէներգիայի ու գազի անջատումներից։

«Մենք եկել ենք մեր ընտրած վարչապետին հարցնենք, թե ինչու չի կատարում իր տված խոստումը։ Ինքը մեզ խոստում է տվել։ Այսօր, երբ մարդիկ հացի խնդիր ունեն, ինքը լայվ է մտնում ու ասում՝ զբոսանքի սահմանափակումները պետք է մեղմացվեն։ Շատ հրատապ հարց է լուծում, էսօրվա կարևորագույն հարցն է։ Մենք կոտորվում ենք զբոսնելու ցանկությունից, այսօր վարչապետն այս հարցը լուծեց։ Շնորհակալություն, պարոն վարչապետ»,-հեգնել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տարածած հայտարարությամբ տեղեկացրեց, որ կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում և վճարման պարտավորությունը չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը: ՀԷՑ-ը ևս նախազգուշացրել էր չվճարման դեպքում հոսանքի անջատումների մասին:

Лента

Рекомендуем посмотреть