Չնայած կորոնավիրուսով հիվանդների թվի վերջին 1 օրվա աճին՝ ՀՀ-ում մայիսի 4-ից որոշ սահմանափակումներ հանելու սցենարը մնում է - RadioVan.fm

Онлайн

Չնայած կորոնավիրուսով հիվանդների թվի վերջին 1 օրվա աճին՝ ՀՀ-ում մայիսի 4-ից որոշ սահմանափակումներ հանելու սցենարը մնում է

2020-04-30 14:05 , Общество, 1228

Չնայած կորոնավիրուսով հիվանդների թվի վերջին 1 օրվա աճին՝ ՀՀ-ում մայիսի 4-ից որոշ սահմանափակումներ հանելու սցենարը մնում է

Չնայած փաստին, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 134-ով՝ կառավարությունը չի շտապում փոխել սահմանափակումների թուլացմանն առնչվող պլանները։ Այդ մասին այսօր կառավարության նիստում ասել է փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ հիմնավորելով, որվարակվածների շրջանակը կոնկրետ է:

«Մենք ունեցել ենք նաև հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր, այդտեղ էլ շրջանակը կոնկրետ է: Այդուհանդերձ, վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել: Դեռևս կարծում եմ՝ նման փոփոխությունների կարիք չկա: Մոտակա օրերի թվերը և անձանց շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու»,-ասել է Ավինյանը:

Պարետը հստակեցրել է՝ այս պահին ուժի մեջ է մնում մայիսի 4-ից որոշ սահմանապակումները վերացնելու սցենարը։

Նշենք՝ օր առաջ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ընթացքում պարետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ մայիսի 4-ից մեծ փաթեթով սահմանափակումներ վերացվելու են մշակվող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում՝ գեղեցկության սրահներ, վարսավիրանոցներ և մի քանի այլ նմանատիպ տեսակի գործունեության տեսակներում՝ անպայման որոշակի կանոնների պահպանմամբ:

«Դեևս այլ որոշում չկա: Փակ են մնալու կրթական հաստատությունները: Էական սահմանափակումներ են գործելու մշակույթի և զվարճանքի ոլորտներում»,-ընդգծել է Ավինյանը։

Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին 1 օրում ՀՀ-ում կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը աճել է 134-ով՝ հասնելով 2066-ի։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գնահատմամբ՝ դա վատ իմաստով ռեկորդային թիվ է։

Лента

Рекомендуем посмотреть