ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձն անարձագանք չի մնացել պաշտոնական Անկարայի կողմից:
Սպիտակ տան ղեկավարը, հիշեցնենք, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում օգտագործել է «Մեծ Եղեռն» ձևակերպումը՝ այն անվանելով 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը։
«ԱՄՆ նախագահի ուղերձը հիմնված է այն սուբյեկտիվ ընկալումների վրա, որոնք հայերի կողմից փորձ է արվում դարձնել դոգմա։ Ներքաղաքական նկատառումներով արված այս հայտարարությունը մեզ համար որևէ իրավական ուժ չունի: Մենք մերժում ենք այդ հայտարարության մեջ արված պնդումները»,-Թուրքիա արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հայտարարությունն է փոխանցում «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը տարածած հայտարարությունում նաև նշվում է, որ դեռ ուժի մեջ է 1915-ի դեպքերի ուսումնասիրության համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի առաջարկը։
«Հավատում ենք, որ հանձնաժողովի ստեղծման պարագայում ճշմարտությունը ի հայտ կգա: Հանձնաժողովի հարցը օրակարգից հանողները այն ծայրահեղական հայերն են, որոնք ուզում են մոռանալ տալ 1915 թվականին ունեցած իրենց պատասխանատվությունը»,-ընդգծում է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ իրենք «ոգեկոչում են Օսմանյան կայսրության անկման շրջանում իրենց կյանքը կորցրած մահմեդական, քրիստոնյա և հրեա քաղաքացիական անձանց հիշատակը»:
Նշենք՝ նախօրեին էլ Թուրքիայի նախագահի խորհրդականը Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ տարածած հայտարարությունում ասել էր, թե «Բոլոր նրանք, որոնք մտածում են, թե ցեղասպանության վերաբերյալ ստերով և քաղաքական պլաններով կարող են վնաս հասցնել Թուրքիային, ևս մեկ անգամ հուսախաբ կլինեն։ Թուրքիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տա, որ պատմական փաստերը խեղաթյուրվեն»: