«Բոլոր նրանք, որոնք մտածում են, թե ցեղասպանության վերաբերյալ ստերով և քաղաքական պլաններով կարող են վնաս հասցնել Թուրքիային, ևս մեկ անգամ հուսախաբ կլինեն։ Թուրքիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տա, որ պատմական փաստերը խեղաթյուրվեն և նոր թշնամություն սերմանվի»,-այդ մասին թվիթերյան միկրոբլոգում, շարունակելով թուրքական ժխտողական քաղաքականությունը, գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը:
Soykırım yalanıyla Türkiye’ye zarar vereceğini sananlar yine yanılacak. Türkiye, tarihi gerçeklerin çarpıtılmasına ve yeni düşmanlıklar üretilmesine izin vermeyecektir. Türk milletini mahkum etmeye çalışanlar önce kendi karanlık tarihlerine bakmalıdır. https://t.co/dtEEqYPe4h
— Ibrahim Kalin (@ikalin1) April 24, 2020
Թուրքական լրատվական կայքերի փոխանցմամբ՝ Ապրիլի 24-ի կապակցությամբ տարածած հայտարարությունում Քալընը նաև նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի կործանարար պայմաններում 1915 թվականի ապրիլի 24-ի տեղահանության ու վերաբնակեցման որոշումը, օսմանների կողմից «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության արդյունք չէր։
Իր հայտարարությունում Էրդողանի խոսնակը շեշտել է Թուրքիայի նախագահի ավելի վաղ արված կոչը` ստեղծելու հայ և թուրք պատմաբանների միացյալ հանձնաժողով։ Ըստ թուրք պաշտոնյայի՝ ցեղասպանության թեման լոբբինգ է արվում, և որոշ հակաթուրքական քաղաքական շրջանակներ իբր միտումնավոր «նենգափոխում են պատմական փաստերը»՝ նպատակ ունենալով թշնամություն սերմանել։
«Թուրքիայի Հանրապետությունը և ժողովուրդը իր բոլոր շերտերով հանդերձ երբեք տուրք չի տալու այս շահարկման, ստի ու զրպարտության արշավին»,-ասել է Քալընը։
Ըստ Քալընի՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ թուրքական դիրքորոշումն այն է, որ Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան) հայերի սպանությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ հայերի մի մասն անցել է Օսմանյան Կայսրության տարածք ներխուժած ռուսական զորքերի կողմը և ապստամբել օսմանյան զորքերի դեմ։ Նա նաև հավելել է, որ հայերի հետագա վերաբնակեցումը հանգեցրել է մեծաթիվ զոհերի։
Հիշեցնենք՝ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 105-րդ տարելիցի օրը, թուրքական «Evrensel» թերթի հետ զրույցում Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը նշելով, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այդ հողերում և պիտի քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում՝ ասել է, որ առաջարկ է անելու մեջլիսին առերեսվել և այդ հանցանքին անուն տալ: