Պետությունը կվճարի միջին որակական բարձր գնահատական ունեցող ուսանողների ուսման վարձերը - RadioVan.fm

Онлайн

Պետությունը կվճարի միջին որակական բարձր գնահատական ունեցող ուսանողների ուսման վարձերը

2020-04-20 14:45 , Образование, 1899

Պետությունը կվճարի միջին որակական բարձր գնահատական ունեցող ուսանողների ուսման վարձերը

ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերի ուսանողներին․ թե ի՞նչ սկզբունքով՝ ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ այդմ, պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի 90 և ավել միջին որակական գնահատական՝ ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։

90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ավարտող ուսանողները, ովքեր ուսվարձի պարտք չունեն, կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը, եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկի միջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։

Վարչապետը նշել է նաև, որ ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը կպարզեցվի։ 80-ից բարձր միջին որակական գնահատական ունեցող ուսանողների գործող ու նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն, այդ թվում` պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։ Բացի այդ, 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն` վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։

Հիշեցնենք՝ հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը, ավելի վաղ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրություն էր ուղարկել բուհերի ռեկտորներին՝ առաջարկելով մինչև ապրիլի 14-ը ուսման վարձերը չվճարող ուսանողներին դուրս չթողնել բուհերից։

Лента

Рекомендуем посмотреть