Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է. նախարարը՝ տանը մնալու և տեմպը կոտրելու հորդորով - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է. նախարարը՝ տանը մնալու և տեմպը կոտրելու հորդորով

2020-04-18 17:12 , Общество, 1227

Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է. նախարարը՝ տանը մնալու և տեմպը կոտրելու հորդորով

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Այս մասին գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նկատելով՝ եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին՝ 5000 դեպք:

«Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով»,-գրել է նախարարը՝ հատուկ շեշտելով, որ թեստավորման հզորությունների մեծացումը օրական 1000 թեստի շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ Հայաստանում օրական այսքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել:

«Այս բարդ գործընթացը իր մեջ ներառում է 5 հիմնական բաղադրիչ` մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մեր մասնագետներից: Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին` հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար»,-եզրափակել է #ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ԿանխիրՏարածումը հեշթեգով գրառումը Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ նախարար Արսեն Թորոսյանը գրաֆիկական պատկերներով ներկայացնելով Հայաստանում և տարբեր երկրներում կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման արագությունը՝ արտահայտված կորերի տեսքով, հայտնել էր, որ մեր երկրում դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ: Նախարարը կրկին հորդորել էր «մնալ տանը, կոտրել տեմպը»:

Նշեք՝ Հայաստանում պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 47-ով՝ հասնելով 1248-ի, 121 նոր ապաքինված ունենք՝ ընդհանուր 523 մարդ, մահվան ելքերի թիվը 20 է:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 705 մարդ, 11 796 թեստ է արվել:

Лента

Рекомендуем посмотреть