Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 47-ով: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 18-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1248-ի, բուժվածների թիվն ավելացել է 121-ով՝ հասնելով 523-ի, գրանցվել է մահվան ևս 1 մարդ:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 20-ի:
«75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, սեպսիս, ռեֆրակտեր սեպտիկ շոկ»,-գրանցված մահվան նոր դեպքին անդրադառնալով՝ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը: