Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը պատարագը դռնփակ կմատուցվի - RadioVan.fm

Онлайн

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը պատարագը դռնփակ կմատուցվի

2020-04-17 20:42 , Общество, 1492

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը պատարագը դռնփակ կմատուցվի

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Նույն օրը ժամը 12։00-ին կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի. Մայր Աթոռ սբ. Էջմիածնից մանրամասներ են հայտնում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունների վերաբերյալ:

Ավելի վաղ, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով արտակարգ դրության ժամանակահատվածում եղած տոների և հիշատակի օրերին՝ նշել էր, որ ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ, այսինքն, «այն պաշտոնյաները, որ ունեն արարողակարգային անելիք, կիրականացնեն այն»:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին՝ համավարակի այս դժվարին պայմաններում, նվիրական այս օրը իրենց տներում աղոթակից լինել հոգևոր դասին և միաբան ու միասիրտ հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի առողջ ու անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար»,-ասված է տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Մեծ եղեռնից 100 տարի անց՝ 2015 թվականի ապրիլի 23-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի որոշմամբ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի կոնդակով սրբադասվեցին Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր նահատակները՝ ավելի քան մեկուկես միլիոն մարդ: Այդ օրը ժամը 17-ին սկսված արարողությունը ավարտվել է 19:15-ին՝ խորհրդանշելով 1915 թվականը: Արարողակարգից հետո հնչել են Մայր Աթոռի զանգերը․ հարյուր զանգ՝ միավորելով աշխարհասփյուռ հայ եկեղեցիների նույնքան ղողանջները:

Лента

Рекомендуем посмотреть